«Բաջանաղապետություն». «Յուղոտ պաշտոնների» նշանակելու՝ աչք ծակող դեպքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում լրատվամիջոցների համար մշտապես լուսաբանվող թեմաներից մեկը դեռ անկախության առաջին տարիներից դարձել են պաշտոնյաների կողմից «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով իրենց բարեկամներին և բարեկամների բարեկամներին, այսպես ասած, «յուղոտ պաշտոնների» նշանակելու՝ աչք ծակող դեպքերը: 2018 թվականի իշխանափոխությունից հետո փորձագիտական շրջանակները լիահույս էին, որ կոռուպցիոն լուրջ ռիսկեր պարունակող «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի կիրառումից պաշտոնյաները կհրաժարվեն՝ այն պատճառով, որ սա հեղափոխական իշխանության առանցքային խոստումներից էր: Նիկոլ Փաշինյանի հռչակած Նոր Հայաստանում, սակայն, «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի ծիլեր նկատվում են, որոնք ամբողջությամբ տեղավորվում են, Փաշինյանի ձևակերպմամբ՝ «վարչապետի քիփը լինելու» տրամաբանության մեջ: Այսպես՝ վարչապետի «քիփերից» Վահե Ղազարյանը Հայաստանի ոստիկանապետն է:

Ղազարյանը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, երկուսն էլ ծնունդով Իջևանից են: Փաշինյանի իշխանության օրոք Վահե Ղազարյանի կարիերան մեծ վերելք է ապրել. նա ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետից, 2 տարուց էլ պակաս ժամանակահատվածում, ոստիկանապետ է նշանակվել՝ մինչ այդ զբաղեցնելով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի և հանրապետության փոխոստիկանապետի պաշտոնները: Վարչապետի մյուս ընկերը՝ Հայկ Ղալումյանը, որը նաև Փաշինյանի քավորն է, 2019 թվականի սեպտեմբերից Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարն է, որին նշանակել է վարչապետ Փաշինյանը: Ի դեպ, արդեն երրորդ անգամ Իջևանի քաղաքապետի ընտրությունները հետաձգվում են։ Դրանք, հավանաբար, կկայանան, երբ ռազմական դրությունը չեղարկվի: Հայկ Ղալումյանի եղբայրը՝ Վահե Ղալումյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, իսկ մինչ այս՝ հեղափոխությունից հետո, Փաշինյանը նրան նշանակել էր Տավուշի մարզպետ:

Փաշինյանը «Իմ քայլը» խմբակցությունում այլ բարեկամներ ու ընկերներ էլ ունի: Պատգամավոր Սիփան Փաշինյանը վարչապետի եղբորորդին է, Հրաչյա Հակոբյանը՝ Փաշինյանի կնոջ եղբայրը: Պատգամավորներից Վահագն Հովակիմյանը, Հայկ Գևորգյանը, Վահագն Թևոսյանը և Մխիթար Հայրապետյանը երկար տարիներ աշխատել են Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Հայկական ժամանակ» օրաթերթում: Փաշինյանի մտերիմներից՝ 1996 թվականին ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Զարեհ Սարգսյանի որդիները ևս պաշտոններ են զբաղեցնում: Նաիրի Սարգսյանը 2018թ. հունիսի 1-ից վարչապետի օգնականն է, իսկ նրա եղբայր Հայկ Սարգսյանը, որը պարբերաբար հայտնվում է աղմկոտ իրադարձությունների կենտրոնում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, իսկ մինչ այդ Փաշինյանի կողմից նշանակվել էր ՊՎԾ պետի տեղակալ:

Վարչապետի օգնականներից Սուրեն Ղամբարյանը, որը Նաիրի և Հայկ Սարգսյան եղբայրների ընկերն է, հեղափոխությունից հետո Հայկ Սարգսյանի հետ միասին պաշտոն էր ստացել ՊՎԾ-ում՝ նշանակվել էր տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետ, իսկ 2019 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանը Ղամբարյանին նշանակել էր Սոցիալական ապահովության ծառայության պետ: Այս կառույցում տեղի ունեցած խնդիրների արդյունքում Ղամբարյանն ազատվեց և 2019-ի սեպտեմբերի վերջին նշանակվեց Փաշինյանին օգնական: Իսկ ահա Նաիրի և Հայկ Սարգսյանների փեսան՝ Արթուր Շատվորյանը, հեղափոխությունից հետո նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական, իսկ 2020 թվականի փետրվարի 21-ից տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է: Ի դեպ՝ Հայկ Սարգսյանի փեսան վերջերս հայտնվել էր աղմկոտ միջադեպի կենտրոնում․ նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին Սարալանջ փողոցում այլ անձանց հետ վիճաբանություն էր տեղի ունեցել, գործը գտնվում է ՔԿ վարույթում:

Նիկոլ Փաշինյանի դասընկերուհի Մանե Ղազումյանը հեղափոխությունից հետո նշանակվել էր Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար և պաշտոնավարել մինչև 2020 թվականի օգոստոսը: Շարունակելով «Իմ քայլը» խմբակցությունում բարեկամական կապեր ունեցողների շարքը՝ նշենք, որ Սիսակ Գաբրիելյանը ԱԻ նախարարի ՔՊ-ական տեղակալ Արմեն Փամբուխչյանի բաջանաղն է: Փամբուխչյանը նախկինում ևս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր: ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, Հրազդանի քաղաքապետն է, իսկ փեսան՝ Վասակ Վարդանյանը, Կոտայքի մարզպետի տեղակալը: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, հեղափոխությունից հետո նշանակվել էր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ և պաշտոնավարեց մինչև այս տարվա հունվարի 21-ը:

Երկու ամիս առաջ Արարատի մարզպետ նշանակված Ռազմիկ Թևոնյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է: Հունվարի առաջին աշխատանքային օրերին էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի կինը՝ Անահիտ Սարգսյանը, վերջերս աշխատանքի է անցել՝ Բարձր տեխնոլոգիական նախարարությունում, զբաղեցնում է միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնը: «Իմ քայլից» պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը՝ Դավիթ Կարապետյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Իսկ ահա Միրզոյանի համակուրսեցի Սամվել Մելիքսեթյանը զբաղեցնում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնելիս իր ընկեր Վաղարշակ Հակոբյանին նշանակել էր իր օգնական, իսկ մինչ այդ էլ նշանակել էր խորհրդական, բայց քանի որ դա օրենքի խախտում էր, ազատեց:

Վաղարշակ Հակոբյանն այժմ «Իմ քայլի» պատգամավոր է: Իսկ Հայրապետյանի կուրսընկեր Դավիթ Մկրտչյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանում ավագ տեսուչ է: «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկեր Աշոտ Զաքարյանն էլ Ռազմական ոստիկանության պետն է: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրը՝ Նուարդ Վարդանյանը, Երևանի ավագանու անդամ է: Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նրան փետրվարի ինին ընտրեց քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլի» պատգամավորներից Համազասպ Դանիելյանի կինը՝ Գայանե Վարդանյանը, ևս ավագանու անդամ է:

ԱԺ ղեկավար կազմից փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հեղափոխությունից հետո առաջարկել էր Փաշինյանին իր ընկերոջը՝ Արթուր Վանեցյանին նշանակել ԱԱԾ տնօրեն: Ի դեպ, Վանեցյանի բաջանաղը՝ Գարեգին Բաղրամյանն էլ 2018թ. հունիսի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ նշանակվեց, ապա նախարար, իսկ 2019թ․ ապրիլի 19-ից՝ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։ Հայտնի իրադարձություններից հետո Վանեցյանը լքեց ԱԱԾ տնօրենի պաշտոնը, դարձավ ընդդիմադիր, իսկ նրա բաջանաղը շարունակում է պաշտոնավարել Փաշինյանի թիմում: Նիկոլ Փաշինյանի կուսակիցներից Արարատի նախկին մարզպետ, ներկայում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Գարիկ Սարգսյանը ևս անտարբեր չէ իր բարեկամներին պաշտոնների նշանակելու հարցում: Սարգսյանի մորաքրոջ հարսը՝ Լիլիթ Միրզախանյանը, Սարգսյանի մարզպետության շրջանում կառույցի աշխատակազմի ղեկավարն էր, սակայն երբ Գարիկ Սարգսյանն աշխատանքից դուրս եկավ, նա ևս հեռացավ:

Գարիկ Սարգսյանն իր կուրսընկեր Արտավազդ Նազարեթյանին նշանակել է մարզպետի տեղակալ, իսկ մինչ այդ էլ՝ խորհրդական: Գարիկ Սարգսյանի կուրսընկերը նրա պաշտոնանկությունից հետո էլ շարունակում է զբաղեցնել փոխմարզպետի պաշտոնը: Իր զարմիկ Գևորգ Մանուկյանին էլ Գարիկ Սարգսյանը նշանակել էր իր օգնական: Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, իսկ հեղափոխությունից հետո ԿԳՄՍ նախարար նշանակված Արայիկ Հարությունյանի սանիկը՝ Դավիթ Դանիելյանը, ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանի օգնականն է: Դավիթ Դանիելյանը, քավորից զատ, այլ «հենարաններ» էլ ունի․ նա Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մորաքրոջ որդին է: Իսկ ահա Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արման Հարությունյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերները ևս անգործ չեն մնացել Փաշինյանի իշխանությունում: Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը Երևանի քաղաքապետի մտերիմ ընկերն է:

2018 թվականին մայիսի 18-ին՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց, ընդամենը տասը օր անց, Արման Սարգսյանը նշանակվեց փոխոստիկանաապետ, իսկ երբ Վալերի Օսիպյանը պաշտոնանկ եղավ, Սարգսյանը նախ նշանակվեց ոստիկանապետի պաշտոնակատար, ապա ոստիկանապետ, իսկ ոտիկանապետի պաշտոնից Փաշինյանը նրան հեռացրեց 2020-ի հունիսին, քանի որ Արման Սարգսյանը համավարակի օրերին, հակառակ Փաշինյանի հրահանգի, մասնակցել էր ԳՇ այն ժամանակվա պետ Արթուր Դավթյանի որդու հարսանիքին: Հայկ Մարությանի ընկերը, սակայն, անգործ չմնաց․ նա այժմ պաշտպանության փոխնախարարի պաշտոնն է զբաղեցնում: Հայկ Մարությանն իր մյուս՝ մանկության ընկեր Ավետ Պողոսյանին 2019 թվականի դեկտեմբերին նշանակեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Մարությանի ընկերական շրջապատից Նիկոլայ Սարիբեկյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, Հովսեփ Կուբաթյանը՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Մարությանի հետ «Կարգին հաղորդման» մեջ նկարահանված Աշոտ Մելոյանն աշխատանքի է անցել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում՝ որպես քարտեզագրող: Իշխանափոխությունից հետո ՊՎԾ պետի օգնականի, տեղակալի, պետի պաշտոնակատարի, այնուհետ ՔԿ նախագահի տեղակալի, ԱԱԾ տնօրենի տեղակալի, ԱԱԾ տնօրենի պաշտոնները զբաղեցրած և այս պահին նորից ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը իր ղեկավարած կառույցներում մտերիմներին աշխատանքի տեղավորելու հարցում ևս ակտիվ է: Քյարամյանն իր սանիկ Արթուր Նահապետյանին 2019 թվականին նշանակել էր ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնակատար: Քյարամյանի՝ ԱԱԾ տեղափոխվելուց հետո Արթուր Նահապետյանը նույնպես աշխատանքի անցավ այս կառույցում՝ զբաղեցնելով քննչական դեպարտամենտի բաժնի պետի պաշտոնը: Արգիշտի Քյարամյանն իր մյուս ընկերոջը՝ Արթուր Պողոսյանին, նշանակել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար: Մամուլի հրապարակումների համաձայն՝ իր մեկ այլ ընկերջը՝ Հայկ Երեմյանին, ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Քյարամյանն իր խորհրդական էր նշանակել:

Վերջինը, սակայն, Քյարամյանի հետ դուրս եկավ ԱԱԾ-ից: Հեղափոխությունից անմիջապես հետո Առողջապահության նախարար, իսկ վերջերս վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակված Արսեն Թորոսյանը ևս ամուր հենարան է իր մտերիմների համար: Թորոսյանի ընկերներից Արտյոմ Սմբատյանը նշանակվել էր ԱՆ աշխատակազմի ղեկավար, իսկ հետո՝ փոխնախարար: Մյուս ընկերոջ՝ Ստեփան Ավանեսյանի կինը՝ Անահիտ Ավանեսյանը, որն այժմ առողջապահության նախարարն է, մինչ այս եղել է Թորոսյանի առաջին տեղակալը: Արսեն Թորոսյանը մյուս ընկերոջը՝ Արման Հովակիմյանին, նշանակել է ԱՆ ենթակայությամբ գործող և պետությունից ամենամեծ դոտացիան ստացող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն: Թորոսյանի ընկերներից Գևորգ Սիմոնյանը ևս առողջապահության նախարարի տեղակալն է, իսկ մինչ այս Թորոսյանը նրան նախ նշանակել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի տնօրեն, հետո՝ Արյվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն:

Արդարադատության երիտասարդ նախարար Ռուստամ Բադասյանի ղեկավարած կառույցում ևս նրա մերձավոր շրջապատից ներկայացուցիչներ կան: Ռուստամ Բադասյանն իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակել է ԱՆ աշխատակազմի ղեկավար, քավորին՝ Դավիթ Գասպարյանին, ԱՆ վերահսկողական ծառայության պետ, կուրսընկեր Վահե Դանիելյանին՝ փոխնախարար: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ևս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է: Ի դեպ, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի միլիոնատեր և երիտասարդ որդին՝ Հարություն Մաշադյանը, Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ է, նա դեռ 23 տարեկան էր, երբ նշանակվեց այդ պաշտոնին:

Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած և կոռուպցիոն դրսևորումները կտրականապես մերժող Փաշինյանը խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում տաքուկ պաշտոնների տեղավորելու՝ նախկինների գործելաոճը որակել էր բաջանաղապետություն, իսկ իր վարչապետության մեկ տարվա շեմին արձանագրել, որ բաջանաղներին յուղոտ պաշտոնի չնշանակելու խոստումը հարյուր տոկոսով կատարված է: Արդյո՞ք բաջանաղներին, ընկերներին, քավորներին, սանիկներին և այլ մերձավորների աշխատանքի չտեղավորելու՝ Փաշինյանի խոստումը կատարվել է իր և իր թիմակիցների կողմից․ հետևությունները թողնում ենք քաղաքացիներին: Վերջում հիշեցնենք միայն, թե Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասել քաղաքացուն ի պատասխան, երբ վերջինը ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ նշել էր, որ նախկինների նման՝ պաշտոնների նշանակում են քավոր-սանիկների: «Ո՛չ, չեմ կարծում, անկեղծ ասած, որ նախկիններին նմանվում են, որովհետև եթե ես նախկիններին նմանվեմ, զգամ, որ նմանվում եմ, նույն պահին կհեռանամ այս կաբինետից, որովհետև դա ինձ համար կլինի բարոյական վերջ և ավարտ, որը ես թույլ չեմ տա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

(Visited 96 times, 1 visits today)