Սողոմոն Թեհլերյան․Հայ, ով սպանեց Թալեաթին… ՈՒմ պարտական է ողջ hայ ժողովուրդը

«Ինքը՝ Սողոմոն Թեհլերյանը, միայն խորհրդանիշ է, հյուլե, ում մեջ կենտրոնացված է քամահրված ռասայի ցավը, և ով հուսահատ ինքնապաշտպանության մեջ իր վրեժն է լուծում»։

Արմին Թեոֆիլ Վեգներ
1915-16թթ. օսմանյան բանակում ծառայող գերմանացի սպա
Հայոց ցեղասպանության ականատես

Կյանքը
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896թ.-ի ապրիլի 2-ին Արևմտյան Կարնո (Էրզրում) նահանգի Դարանաղյաց գավառի Բագառիճ գյուղում: 1896թ.-ին նրա հայրը՝ Խաչատուրը, աշխատանք փնտրելու նպատակով մեկնում է Սերբիա՝ Բելգրադ, երկար տարիներ զբաղվում է առևտրական գործունեությամբ:

1905թ.-ից Խաչատուրի ընտանիքը տեղափոխվում է Երզնկա, որտեղ էլ Սողոմոնը ձեռք է բերում կրթություն, ուսանելով տեղի Հայ Ավետարանական, Երզնկյան, ապա Կեդրոնական վարժարանում մինչև 1912թ.-ը:

Սողոմոնը մտադիր էր գնալ Գերմանիա՝ ուսումը շարունակելու նպատակով: Սակայն վրա հասած Առաջին աշխարհամարտը խառնում է պատանի Թեհլերյանի բոլոր ծրագրերը: Սերբիայից նա անցնում է Ռումինիա, այնտեղից էլ՝ Դոնի-Ռոստով եւ 1915թ.-ի փետրվարին հանգրվանում Թիֆլիսում:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։

Երկար փնտրտուքներից հետո վերջապես 1921թ.-ի մարտի 15-ի կեսօրին, Բեռլինի Հարդենբերգ փողոցի թիվ 17 տան առջև, ատրճանակի կրակոցով տապալում է մեծ ոճրագործին՝ Թալեաթին: Ատրճանակը հանելն ու Թալիաթի ծոծրակին կրակելը միայն մի ակնթարթ է տևում, որից հետո ատրճանակը դեն է նետում ու փորձում հեռանալ, բայց ձերբակալվում է:

Սփյուռքի հայկական համայնքներում արտակարգ ցնծություն էր տիրում:
Լրագրերը դեպքին ընդարձակ էջեր էին նվիրում՝ այն գնահատելով իբրև հայ ժողովրդի արդար վրեժի հատուցում: Պատրաստվելով Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, հայ համայնքը հրավիրել էր Բեռլինի նշանավոր փաստաբաններին՝ դոկտոր Գորդոնին, դոկտոր Վերթաուէրին, դոկտոր Նիմայերին:

Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարությունը վերածվեց երիտթուրք ոճրագործների դատավարության: Այն պատմական մեծ իրողություն է, որը սկիզբ դրեց հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Հենց սա է Սողոմոն Թեհլերյանի «արդարության գործի» պատմական առաքելությունը:

Դատավարություն
1921 թ. հունիսին Բեռլինում կայացավ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որը տևեց երկու օր: Դատավարության ընթացքում Թալեաթի դեմ վկայություն տվեցին գերմանացի բարձրաստիճան սպա Լիման ֆոն Սանդերսը, հայտնի հասարակական գործիչ Յոհաննես Լեփսիուսը, ցեղասպանությունը վերապրած հայեր: Ս. Թեհլերյանին պաշտպանում էին Գերմանիայի անվանի իրավաբանները: Դատապաշտպանները Թալեաթի հանցանքը հիմնավորելու համար օգտագործեցին բնօրինակ հեռագրեր, որտեղ Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարը հայերի բնաջնջման և տեղահանության հրամաններ էր տալիս:

Դատավարության ընթացքում բերված փաստերի ու վկայությունների արդյունքում գերմանական դատարանն արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին:

Դատավարությանը մասնակցում էր նաև երիտասարդ հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, ում կյանքում Թեհլերյանի գործը ճակատագրական նշանակություն ունեցավ. տարիներ անց արդեն փորձառու իրավաբանն ստեղծեց «գենոցիդ» եզրույթը, և նրա անմիջական ջանքերով նորաստեղծ Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան 1948 թվականին ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան:

Հատված «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» գրքից
Բեռլին: 1921 թվականի մարտի 15-ին Շարլոտենբուրգում – Հարդենբերգ փողոց – ատրճանակից արձակված մի գնդակով կատարվել է սպանություն:

– Ո՞վ է սպանվել:

– Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ:

– Ո՞վ է սպանել:

– Երիտասարդ մի հայ, ուսանող:

Եթե սպանվածը սովորական մի ոճրագործ չէ, այլ արտասովոր մի ճիվաղ, ապա մարդկությունը փրկվել է մի հրեշից, որը, եթե կենդանի մնար, դեռ ինչպիսի՜ անմեղ մարդկանց պիտի ոչնչացներ:

Ինչպե՞ս կոչել այն մարդուն, որ երկրի երեսից վերացրել է ժողովրդասպան մի հանցագործի:

Ո՞վ է սպանվել:

Սպանվել էր մեկը, որ արժանի էր եղել մահապատժի նույնիսկ թուրք ժողովրդի նորաստեղծ կառավարության դատարանի կողմից:

Այո, երեք անգամ ու երեք տարբեր կողմերից նա դատապարտված է եղել մահապատժի: Նրա անունը Թալեաթ է, որ փաշայի տիտղոս էլ ունի:

Առաջին անգամ նա մահապատժի է դատապարտվել 1915 թվականի մայիսի 24-ին, իր մահից դեռ վեց տարի առաջ, երբ համաշխարհային առաջին պատերազմի մասնակից Ֆրանսիայի և Անգլիայի և այլ դաշնակից պետությունները ֆրանս պրես գործակալության միջոցով թուրքական պաշտոնական Հավաս գործակալությանը հայտնել էին, որ այսօրվա Թուրքիայի կառավարության ղեկավարները պատերազմից հետո կկանչեն պատասխանատվության և կպատժվեն խստագույն կերպով, այսինքն` մահապատժով, հայկական ջարդեր կազմակերպելու համար:

Դա Թալեաթի մահապատժի առաջին դատավճիռն էր, որ չիրագործվեց, քանզի պատերազմից անմիջապես հետո, անգլիական իշխանությունները վերոհիշյալ պատասխանատուներին ձերբակալելով` ոչ թե գործադրեցին մահավճիռը, այլ փոխադրեցին-աքսորեցին Մալթա կղզի, որտեղ նրանք մեկ առ մեկ փախուստ տվին:

Երկրորդ անգամ նա մահապատժի դատապարտվեց 1920-ին, իր կառավարության տապալումից հետո կազմակերպված թուրքական նոր կառավարության ռազմական դատարանի կողմից: Եվ երկրորդ անգամ դատավճիռը չգործադրվեց, որովհետև այդ փաշան կեղծ անձնագրով, ուրիշի անվան տակ, փախավ Բեռլին:

Սպանվել էր մեկը, որ արժանի էր եղել մահապատժի նույնիսկ թուրք ժողովրդի նորաստեղծ կառավարության դատարանի կողմից:

Երրորդ դատավճիռը ուրիշ էր: Այն ոչ մի պետության կողմից չէր: Դա հայոց տված ազգային մահապատիժն էր, հայ ժողովրդի անունից:

Այդ է, որ կատարել էր Սողոմոն Թեհլերյանը:

Այդպես էլ հասկացել էին նրա դատապաշտպանները:

«Այդ պահին, երբ ամբաստանյալը (Սողոմոն Թեհլերյանը) փողոց իջավ և ատրճանակը ուղղեց իր զոհի դեմ … այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել, որ նա իմ առջևից տանում էր իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշը, դրոշը խոշտանգվածների, դրոշը իր լլկված ընտանիքի …»:

Համակ պետություններ են պայքարում մարդասպանների դեմ, հետևապես մարդասպաններին ոչնչացնելը համամարդկային պարտականություն է:

Բեռլինի դատավորը … գիտեր, թե ինչու է Թեհլերյանը սպանել Թալեաթին: Նրա մտահոգությունն այն էր, որ դատը չստանար քաղաքական բնույթ …

(Visited 157 times, 1 visits today)