«Տեսա 2 վիրավոր զինվոր, մնացի իրենց կողքը մինչև մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի». Ազնիվ Բաղդասարյան

Արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից գերեվարված Ազնիվ անունով հայ կնոջ տեսանյութը պատերազմի օրերին տևական ժամանակ քննարկվեց համացանցում, անգամ տեսանյութի հումորային կրկնօրինակը պատրաստվեց մի խումբ երիտասարդների կողմից, ինչից հետո ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ տեսանյութում երևացող կինը իսկապես հայ է, ով գերեվարվել է:

Մեկ ամիս անց Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրեց նաև Ազնիվ Բաղդասարյանին: Այսօր Ազնիվն ապրում է Ապարանի գյուղերից մեկում՝ սոցիալական ծանր պայմաններում:
Այս օրերին նրան են այցելում մի խումբ քաղաքացիներ և փոխանցում արտերկրից ուղարկված դրամական օգնությունը:
Ազնիվ Բաղդասարյանը որոշ մանրամասներ է պատմել իր հետ տեղի ունեցածի մասին և ներկայացրել, թե ինչ հոգեվիճակում է. «Ես մինչև հիմա չեմ կարողանում տնից դուրս գալ… մարդ կա՝ ցավով է նայում, մարդ կա՝ անտարբեր, մարդ էլ կա՝ ընենց ատելությունով է նայում, որ կարծես պատերազմը ես եմ պարտվել: Բայց ես չեմ եղել դավաճան ու կյանքում չեմ լինի»,- ասել է Ազնիվ Բաղդասարյանը:

Պատերազմի օրերին Ազնիվը մոտ 70 վիրավոր զինվորի կյանք է փրկել՝ նրանց մարտի դաշտից տեղափոխելով հոսպիտալ: Նա մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, որոշակի դերակատարություն ունեցել նաև Ապրիլյան քառօրյայի ժամանակ:
Կինը պատմում է, որ, Ջրականի հատվածում երկու օր գտնվելով շրջափակման մեջ, հայտնվել է ադրբեջանցիների ձեռքում. «Ինձ սխալ ուղղություն էին ցույց տվել: Ես դուրս եկա Ջաբրայիլի չաստի վրա, պախկվելով, որտեղ արդեն թուրքեր կային: Տեսա երկու վիրավոր զինվոր, մնացի իրենց կողքը՝ մինչև մահացան, մինչև վերջին փամփուշտը կրակեցի, հետո տղերքին տեղափոխեցի ավտոյի մեջ: Ընդեղ խոզեր էին ման գալիս, չէի ուզում՝ խոզերը տղերքի դիակներն ուտեն:

Ջաբրայիլում առաջին անգամ էի, ճանապարհը լավ չգիտեի ու սխալվել էի, գնացել էի դեպի Արա լեռ: Դե, գիտեի, որ Արա լեռում հլը մերոնք կան, բայց մինչև հասել էի, արդեն չկային: Ոչ մեկը չկար: Երկու օր շրջափակման մեջ եմ եղել, դրանից հետո թուրքերը միամիտ ինձ բռնել են: Քնել էի, եթե քնած չլինեի, չէին բռնի:

Մի 15 հոգով ծեծելով բերել-հասցրել էին որտեղ իրենց զենքը, զինամթերքն էր, հագիս շորերը սաղ ճղել էին: Ինձ տվել էին իրենց թուրքական պալատկեն, հետո նկարահանման ժամանակ մի հատ ադյալ են գտել, էդ ադյալը տվել, որ հագնեմ: Իրենք մտածում էին, որ իմ համար վատություն են անում, բայց էդ մի կողմից ինձ համար լավություն էր»,- նշել է կինը:

(Visited 173 times, 1 visits today)