Ռուսական հայտնի պարբերականն անդրադարձ է կատարել Փաշինյանի սկանդալային հայտարարությանը

Ռուսական Журналистская Правда պարբերականն անդրադարձ է կատարել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի «անարդյունավետության» վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարությանն ու օրեր անց ասածի համար խոսնակի միջոցով «ներողություն խնդրելու փորձին»:

Ինչպես պարբերականը նկատում է, օրեր առաջ Փաշինյանի արած «անհեթեթ» հայտարարությունից հետո երկրում խոշորագույն ներքաղաքական ճգնաժամ է սկսվել, որը, քիչ էր մնացել, վերածվեր ռազմական հեղաշրջման:

Այս համատեքստում հեղինակն ընդգծել է իր սխալը մինչև վերջ պաշտպանելու Փաշինյանի պատրաստակամությունը: «Ասաց հիմարություն, և ոչ ոք իրավունք չունի նույնիսկ կասկածելու նրա փորձագիտական ճշմարտացիությանը: Կասկած հայտնեց ԳՇ պետի տեղակալը, և վերջ, դու ազատված ես, գեներալ: Վարչապետի խոսքը կասկածի ենթակա չէ»,- հեգնանքով գրում է պարբերականի լրագրողը:

«Եվ ահա… տաքացած վարչապետը խոստովանում է, որ սխալվել է «Իսկանդեր»-ի հարցում: Ընդամենը մեկ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը կարողանում է հանգիստ խոսքով և ողջամիտ փաստարկով համոզել նույնսիկ այդպիսի տաքացած տղաներին: Դե իհարկե, այդ ամենը գաղտնի է եղել»,- շեշտում է աղբյուրը՝ նկատելով, որ «երևում է, Փաշինյանի ականջից մի քիչ քաշել են, որ շատ երես չառնի»:

Պարբերականն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն անձամբ չի ընդունել իր մեղքը և ներողություն չի խնդրել, այլ իր խոսնակին է հանձնարարել «ինչ-որ բան ասել. «ասա, որ ինձ սխալ են զեկուցել, իսկ ես այնքան միամիտ եմ, հավատում եմ ամենին, ինչ ասում են»»:

«Ներողություն խնդրե՞լ է արդյոք Տիրան Խաչատրյանից, որը ճիշտ էր, իսկ ինքը՝ ոչ, և վերականգնե՞լ է արդյոք նրան իր պաշտոնում: Ոչ»,- գրում է հեղինակը:

«Ցնցվելու աստիճան հետաքրքիր մարդ է: Ցանկացած բարդ իրավիճակում հավատարիմ է մնում «թփերի հետևում թաքնվելու» ռազմավարությանը: Չգիտես ինչու, հենց նման կադրերը, նման «խիզախ հեղափոխականներն» են հայտնվում գահին «գունավոր հեղափոխություններից» հետո. հարցրեք Յուշչենկոյին և Սաակաշվիլին: Հետո դեպի թփուտներ»,- եզրափակում է հեղինակը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ` պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։

Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել նախագահին։ Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանը, իր հերթին, դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։

(Visited 99 times, 1 visits today)