Տեսանյութ. Կա՛մ պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, կա՛մ էլ պետք է հրաժարական տաք. Մարուքյան

Ազգային ժողովի քննարկման ժամանակ նախքան հերթական նիստերի օրակարգը հաստատելը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրաձայնեց, որ օրեր առաջ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, բայց նիստը տեղի չունեցավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի չներկայանալու և ԱԺ խորհրդում քվորման բացակայության պատճառով:

«Դուք՝ որպես Ազգային ժողովի նախագահ, պարտավոր եք անաչառ լինել նման հարցերում, եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվի, չկայանա և ընդդիմության օրակարգով արտահերթ նիստ չհրավիրվի, դուք նվազագույնը պետք է ներկայանայիք, բացեիք այդ նիստը և մեզ իրազեկեիք՝ որպես ԱԺ նախագահ, բայց դուք չեք կատարում ձեր պարտականությունները:

Ես նաեւ չեմ տեսնում Ձեր դերակատարումը երկրում ստեղծված ճգնաժամի լուծման համատեքստում, ի՞նչ դերակատարում ունեք ճգնաժամից դուրս գալու հարցում: Օրակարգից դուրս հարց են տալիս, ջղայնանում եք:

Կա՛մ դուք պետք է ներողություն խնդրեք ԱԺ 1/5-րդից, որ արհամարհել եք, կա՛մ էլ եթե ոչ՝ պետք է հրաժարական տաք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց. «Ես ձեզ խորհուրդ կտայի ավելի շատ մտածել սեփական պարտականությունների՝ այլոց ընկալման մասին, եւ զերծ մնալ իմ պարտականությունների՝ ձեր ընկալման այդպիսի ներկայացումից: Առաջարկում եմ անկեղծ ջանք գործադրել իրավիճակի հանգուցալուծման համար:

Ես անկեղծ ասեմ, ես չեմ կարծում, որ ձեր ներկայացրած առաջարկը ուղղված էր հանգուցալուծմանը: Հակառակ տպավորությունն ունեմ: Կարծում եմ՝ սա մի փոքր բարդություն ավելացնելու փորձ էր ամբողջ խճանկարին:

Իմ պարտականությունների կատարումը ես իրականացնում եմ պատշաճ կարգով և ձեր նշաժ ԱԺ խորհրդի նիստին չներկայանալը նաև իմ իրավունքներից մեկն է, գուցե ես չեմ ներկայացել քաղաքական նկատառումներով կամ առողջական»:

(Visited 36 times, 1 visits today)