Սերժ Սարգսյանը չի զիջում Ռոբերտ Քոչարյանին

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնել է, որ Սարգսյանն առաջիկայում կխոսի այն հարցերի առնչությամբ, որոնք կուտակվել են և դառնում են իրեն ուղղված բազմաթիվ լրատվական հարցումների առիթ:

Ըստ գրասենյակի, հնչում են երրորդ նախագահին ուղղված շատ հարցեր և նա առաջիկայում կանդրադառնա դրանց: Ինչ ձևաչափ կընտրի Սարգսյանը, չի մանրամասնվում՝ բացառիկ հարցազրույցի՞, ինչպես օրերս, թե՞ մեծ ասուլիսի, ինչպես 2020-ի օգոստոսին, ապրիլյան պատերազմի թեմայով:

Հատկանշական է, որ օրեր առաջ բացառիկ հարցազրույցում Սերժ Սարգսյանը ակնարկեց, թե իրեն հոգեհարազատ է մեծ ասուլիսի ձևաչափը: Ընդ որում, Սարգսյանը նաև ազդարարեց, ակնարկի մակարդակով, որ առաջիկայում հատուկ ասուլիսով կանդրադառնա 2018-ի ապրիլի թեմային: Ինչն է պատճառը, որ սակավախոս Սերժ Սարգսյանը կարող է խոսել հաճախակի՝ տարբեր ձևաչափերով:

Արդյո՞ք դրա պատճառն այն է, որ թուլանում է Սարգսյանի դիրքը կառավարող նախկին համակարգի շրջանակում, որտեղ ընթանում է պայքար Ռոբերտ Քոչարյանի հետ: Հազիվ թե Սերժ Սարգսյանն իր ասուլիսներով կամ հարցազրույցներով ակնկալի փոխել իր հանդեպ հանրային լայն անվստահությունը: Դրա համար նվազագույնը պետք է թերևս ժամանակ:

Ավելին, հայտարարությունը, որ այլևս չի զբաղեցնի որևէ պաշտոն, վկայում է, որ Սերժ Սարգսյանը միանգամայն իրատեսորեն է գնահատում հասարակական-քաղաքական իրավիճակը: Դա իր հերթին վկայում է, որ Սարգսյանը իրականում պայքարում է ոչ թե հանրային, այլ այսպես ասած համակարգային վստահության համար, այսինքն նախկին կառավարող համակարգում իր հանդեպ վստահության համար:

Իսկ այդ վստահության հիմքերը ցնցում է իհարկե երկրորդ նախագահ Քոչարյանը, անշուշտ ամենևին ոչ նոր՝ դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանից, բայց առավել ևս այժմ: Որովհետև միայն այդ վստահությունը կլանելով է Ռոբերտ Քոչարյանն ի վիճակի մասնակցել որևէ ընտրության և արձանագրել շոշափելի արդյունք:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ թերևս չունի հանրային վստահության արժանանալու պատրանք, մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից ելնելով: Ըստ այդմ, շոշափելի քաղաքական արդյունքի համար պետք է բացարձակ մեծամասնության գալ նախկին կառավարող համակարգի և դրա շահառուների շրջանակում:

Այդ շրջանակը քիչ չէ, սակայն, եթե այն տնօրինում է մեկը: Եթե այն տնօրինում են երկուսը և դրան զուգահեռ նաև կան այլ, ավելի նվազ, սակայն այսպես ասած փոքր մասշտաբի տնօրեններ կամ բաժնետերեր, ապա քաղաքական արժեքը նվազում է զգալիորեն:

(Visited 57 times, 1 visits today)