Վազգեն Մանուկյանը հետեւեց Նիկոլ Փաշինյանին. Կրեմլից ստացվել է հրահանգը

«Արցախի ճանաչման հարցը կապված է այդ պահի քաղաքական նպատակահարմարության հետ։ Եթե մենք այդ քայլը անելով չենք գժտվի մեր բոլոր բարեկամների հետ և չենք մնա միայնակ, պետք է անել։ Այսինքն՝ հարցն այսպես է՝ Արցախի անկախության ճանաչումն օրակարգի հարց է, բայց լուծումը կապված է քաղաքական պրագմատիզմի հետ։ Դա էմոցիոնալ ազգային հարց չէ… Արցախի հարցի շարունակությունը մեզանից պահանջում է, որ նորից ներգրավենք բանակցային պրոցեսի մեջ Մինսկի խմբի եռանախագահներին։ Դրա համար եռանախագահների հետ ինչ-որ բաներ պետք է համաձայնեցնել։ Այսինքն՝ դա միայնակ չենք լուծելու», լրագրողներին ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Խնդիրն այն չէ, թե Հայաստանը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չէ: Հարցն այն է՝ միջազգային հանրությունը կճանաչի՞ Արցախի անկախությունը, թե՞ չի ճանաչի», ավելի վաղ, իր վերջին հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ովքե՞ր են մեր բարեկամներն, ըստ Վազգեն Մանուկյանի: Օրինակ, Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատները բանաձեւեր են ընդունել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ: Նման մի բանաձեւ էլ կա մյուս համանախագահի՝ ԱՄՆ-ի խորհրդարանում: Բացի այդ, լրանում է ԱՄՆ հետախուզության զեկույցի համար նախատեսված 90-օրյա ժամկետը, երբ ԱՄՆ խորհրդարանը պետք է դիրքորոշում ձեւակերպի Արցախի հարցում:

Վազգեն Մանուկյանը բարեկամ թերեւս համարում է Ռուսաստանին, որը Արցախի կարգավիճակի հարցն ակնհայտորեն սակարկության հարց է դարձրել թուրքերի հետ, փորձելով այդ հարցը ճնշման լծակ կիրառել՝ Արցախում իր ռազմական ներկայության հարցում, որն ամրագրված չէ որեւէ փաստաթղթով: Սա, ընդգծենք՝ ասում են Հայաստանի ուղղությամբ Կրեմլի «հայամետ» նախագծողները: Ռուսներն ասում են, որ Արցախի կարգավիճակի հարցը նպատակահարմար չէ քննարկել, եւ ընդհանրապես՝ այդ հարցը կարող է քննարկվել միայն Մոսկվա-Բաքու տիրույթում: Այսինքն, Մինսկի խմբի մյուս համանախագահը՝ Ռուսաստանը, ինչպես նաեւ Բաքուն ու Անկարան դեմ են Արցախի որեւէ միջազգային կարգավիճակի:

Ռուսաստանը, որն արդեն խոստովանել է, որ պատերազմը ինքն է նախաձեռնել, որ հայկական հաղթանակը որեւէ կերպ չպետք է թույլ տրվեր, որ թուրքերի հետ իրականացնում են համատեղ ծրագիր, մեր բարեկա՞մն է, թե ոչ, եւ Արցախը պետք չէ ճանաչել այս պատճառո՞վ: Առանց ռուսների խոստովանության էլ սա շատերին էր պարզ, ենթադրվում է նաեւ՝ Վազգեն Մանուկյանին, եւ այս ֆոնին հատկանշական է, որ թե ՀՓՇ-ն, թե իշխող խմբակը խնամքով խուսափում են «ռուս-թուրքական» բառակապակցությունից:

Հիմա, եթե Արցախը նպատակահարմար չէ ճանաչել բարեկամների հետ չգժտվելու համար, Բաքուն ու Անկարան է՞լ են մեր բարեկամները, թե՞ միայն ռուսների հետ չգժտվելու մասին է խոսքը:

Վազգեն Մանուկյանը կրկնում է Նիկոլ Փաշինյանին, իսկ երկուսն էլ խոշոր հաշվով կրկնում են 30 տարվա «եթե ճանաչենք՝ բանակցային գործընթացը կտապալվի, եթե ճանաչենք՝ պատերազմ կլինի»: Չճանաչեցինք՝ չեղա՞վ երկու պատերազմ եւ Մինսկի խմբի ձեւաչափում բանակցային գործընթացի ներկայիս խափանումը: Դեռ Պուտինն էլ արդարացավ՝ դե հայերը չեն ճանաչել Ղարաբաղը: Իրականում, հայկական այսպես կոչված քաղաքական դասը հրաժարվել է Արցախի հարցում պատասխանատվության ստանձնումից ու քաղաքական նախագծումներից, գերադասելով խամաճիկության վրա մակաբուծելու կենսաձեւը:

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կանգնել են փաստի առաջ, եւ այդ մասին խոսում են ընդհուպ նախագահ Մակրոնը, ամերիկացի պաշտոնյաներ՝ եթե նախաձեռնեն Արցախի միջազգային ճանաչման գործընթացը, ինչ դիրքորոշում է լինելու Հայաստանից, որի քաղաքական դասի գերակշիռ մասը, կառավարությունն ու ՀՓՇ-ն սպասարկում են ռուս-թուրքական դաշինքի պլանները:

Կրեմլից, երեկ էլ ՌԴ ԱԳՆ-ից հայկական քաղաքական դասը ստացել է հրահանգը՝ զբաղվեք ձեր ներքին հարցերով ու քիթներդ չխոթեք Ղարաբաղի հարցերին: Իմա՝ հրաժարվեք Ղարաբաղից:

lragir.am

(Visited 337 times, 1 visits today)