Առաջարկում է փլուզե՞լ բալանսը. «Օրիգինալ» է թերևս «կամավոր արտաքսման» տրամաբանությունը

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման իր պատկերացումը՝ նշելով, որ պետության ու ժողովրդի, անգամ Նիկոլ Փաշինյանի անձնական շահից բխող միակ ելքը նրա հրաժարականն է:

Ավելին, Տեր-Պետրոսյանը նույնիսկ խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիության խորհրդարանական երաշխիքով արժե ժամանակավորապես գոնե տեղափոխվել նաև արտերկիր, այսպես ասած՝ արտաքսված լինել, դարձյալ անվտանգային նկատառումներից ելնելով:

Տեր-Պետրոսյանը նշում է, թե կառավարությունը պետք է ստանձնի անկուսակցական փոխվարչապետն ու ապահովի ազատ ընտրության կազմակերպումը, քանի որ «Իմ քայլը» կկեղծի ընտրությունը՝ պատերազմի համար պատասխանատվությունից խուսափելու նպատակով:

Առաջին նախագահի անդրադարձում «օրիգինալ» է թերևս Նիկոլ Փաշինյանի «կամավոր արտաքսման» տրամաբանությունը: Այդպիսով առաջին նախագահը շոշափում է պարզապես հրաժարականի մոտիվացիայի մի նո՞ր մեխանիզմ կամ գաղափար՝ փորձելով նաև ստուգել, թե ինչպիսին կլինի դրան հանրային արձագանքը, թե՞ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ակնարկել Նիկոլ Փաշինյանի անվտանգությանը սպառնացող իրական վտանգի մասին, որ տեսնում է կամ հայտնի է իրեն, և որից խուսափելու միակ տարբերակ է դիտարկում հրաժարականը:

Համենայնդեպս, Տեր-Պետրոսյանը ներկայանում է տեքստով, որն անշուշտ պատահական չէ, մյուս կողմից՝ շոշափում է հանգամանք կամ եզրեր, որոնք իրապես զգայուն են հանրային-պետական կյանքի համար:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իբրև քաղաքական գործոն այսօր ունի բալանսավորող նշանակություն, որքան էլ թվա տարօրինակ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետևում կա հանրային մի ստվար զանգված: Կարևոր չէ՝ դրա տոկոսը 70 է, 50, թե 30, կա ստվար, շոշափելի զանգված, առավել ևս, այսպես ասած, արմատական ընդդիմության համեմատ:

Հանել այդ շերտը խաղից՝ իսկ Նիկոլ Փաշինյանին դուրս բերելը նշանակում է խաղից դուրս բերել այդ շերտը, կնշանակի էլ ավելի բարդացնել իրավիճակն ու փլուզել քաղաքական թեկուզ հեղհեղուկ, թույլ բալանսը: Ըստ այդմ՝ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծում չի կարող լինել որևէ տարբերակ, որտեղ հանրային որևէ շերտ մնում է խաղից դուրս, առավել ևս՝ շոշափելի շերտ:

Հայաստանում ստեղծված վիճակի հանգուցալուծման օպտիմալ, ռացիոնալ տարբերակ և պետական ու հանրային շահ արտահայտող առավելագույն տարբերակ կարող է լինել այն, որտեղ բալանսավորված է հանրային բոլոր շերտերի շահը, և որը պահպանում է քաղաքական գործընթացներում բոլոր շերտերի մոտեցումների արտահայտման կամ կապիտալիզացիայի համաչափ հնարավորություն բոլոր շերտերի, այո՛, այդ թվում և արմատական ընդդիմության համար:

(Visited 24 times, 1 visits today)