Գուցե ես դրան դեռ վերադառնամ, սակայն ներկա պահին ինձ այլ բան է անհանգստացնում. Միքայել Մինասյան

Հայաստանն այլևս երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի հետ. Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխարհաքաղաքականության մասին շարք է սկսում:

«Որոշել եմ աշխարհաքաղաքականության մասին շարք գրել՝ գիտակցելով, որ ներքին քաղաքականությունը դադարել է գոյություն ունենալ որպես այդպիսին: Գուցե ես դրան դեռ վերադառնամ, սակայն ներկա պահին ինձ այլ բան է անհանգստացնում:

Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունը: Մենք ներքին քաղաքականությունը պատվիրակել ենք Ատելության և Պառակտման առաքյալին՝ թույլ տալով քաոսին որոշել մեր երկրի ապագան:

Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունն արտաքին քաղաքականության մեջ՝ հետևողականորեն ենթարկվելով բոլորի և ամեն ինչի պահանջներին և բառ անգամ չասելով մեր շահերի մասին:

Մեր երկրի կարգավիճակն այսօրվա դրությամբ պրոտեկտորատն է: Փառք Աստծո, Հայաստանի սահմաններին նվազագույն վտանգի պարագայում հայտնվում է ռուսական եռագույնը: Սակայն մենք պետք է մեզ երեք հարց տանք. որքա՞ն երկար է դա շարունակվելու, ի՞նչ գին ենք դրա համար վճարելու և, որ ամենակարևորն է, ո՞վ և ե՞րբ է որոշում՝ որն է վտանգը, որը՝ ոչ:

Միքայել Մինասյան Նիկոլ Փաշինյան
Օրերից մի օր գուցե նորից սուբյեկտայնություն ձեռք բերենք: Իսկ մինչ այդ հիմնականում գրելու եմ աշխարհաքաղաքականության մասին, քանի որ միայն այդ դաշտում է որոշվելու մեր ապագան: Հայաստանի սուբյեկտայնությունը կարող է վերադարձնել միայն երկրի իրական տերը՝ ժողովուրդը:

Ժողովուրդը, որը մանդատ է տվել Նիկոլին նրա կատարած բոլոր հանցագործությունների համար, ժողովուրդը, որն, առաջին հայացքից, ներել է նրան ամեն ինչ, ժողովուրդը, որը պահանջում է իր փրկությունը, սակայն այնպես որ հնարավորինս քիչ մասնակցի այդ փրկությանը:

Ողջամիտ դիտորդը գիտակցում է, որ դա անիրական է, և քանի դեռ ժողովուրդը նախընտրում է, որ իրեն հնարավորինս քիչ անհանգստացնեն, նա ինքնամեկուսանում է քաղաքական գործընթացից՝ այն վերափոխելով աշխարհաքաղաքականի: Իսկ աշխարհաքաղաքականության հարցում մեր գործերը լավ չեն:

Հայկական քաղաքական դաշտի երկու դիմակայող գաղափարախոսությունները՝ արևմտամետ և ռուսամետ, ստիպված հանդուրժում են Նիկոլին՝ հասկանալով, որ վերջնական հաղթանակի համար ուժ չունի կողմերից և ոչ մեկը, իսկ թույլ, ոչ լեգիտիմ, նյարդայնորեն թաթերը շարժող Նիկոլը կատարյալ առաջնորդն է միջանկյալ ժամանակահատվածի համար։

Արևմուտքից սնված և նրա հետ բոլոր նեյրոններով սերտաճած հայաստանյան իշխանությունն իրեն հարմարավետ է զգում ռուսական կարճ սանձի տակ։ Այդ պարտադրված դիխոտոմիան («երկճյուղավորում») խորանում է նրանով, որ հետխորհրդային տարածքում Արևմուտքը սովոր է աշխատել ընդդիմության հետ՝ մանևրելու ազատությունը գերադասելով պարտավորություններին, մինչդեռ Ռուսաստանը պատմականորեն խուսափում է բացահայտ աշխատել ընդդիմության հետ՝ նախընտրելով աշխատել ցանկացած, երբեմն նույնիսկ իր նկատմամբ թշնամաբար տրամադրված իշխանության հետ։

Տորթի վրա դրված բալն այն ժողովրդի սպասումներն են, որը պատմականորեն ձգտում է դեպի Ռուսաստանը, որը միևնույն ժամանակ հակառուսական իշխանություն է ընտրել, իսկ հիմա վատ քողարկված հույսով նայում է դեպի Հյուսիս։

Հակասությունների այս ամբողջ հանգույցը, որը ստեղծվել է ոչ պրոֆեսիոնալիզմի, ստի, կեղծավորության և մեծ սպասումների հիման վրա, սպասում է, որ իրեն կտրեն. քանդել այն այլևս հնարավոր չէ։ Եվ բարեբախտաբար, թե դժբախտաբար, այն կտրելու են գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողները։

Արևմուտքն ու Ռուսաստանը դեռևս չեն գտել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձևը՝ ստիպելով Հայաստանին՝ այդ քաղաքականության օբյեկտին, սպասել։

Մի իրավիճակում, երբ Հայաստանն այլևս երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի հետ, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կորոշվի մեր ճակատագիրը։ Դե ինչ, ինչպես արդեն գրել եմ ամենասկզբում՝ սա աշխարհաքաղաքականության մասին հոդվածների շարքի սերմնացուն է։ Սպասե՛ք»:

(Visited 67 times, 1 visits today)