Տեսեք՝ Թուրքիայի հետ ինչ արեցինք Ղարաբաղը. Շոյգու

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ղազախստան մասնակցելու Թյուրքական խորհրդի հանդպմանը, որը տեղի է ունենալու մարտ 30-31-ին: Թյուրքական խորհրդի անդամ են Թուրքիան, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղըրղզստանը, Ուզբեկստանը, դիտորդ է Հունգարիան: Հանդիպման նախօրեին ակտիվացան խոսակցությունները, որ այդ հանդիպմանը կարող է Թուրանի բանակի ստեղծման որոշում ընդունվել: Այդ բանակի ստեղծման առաջին քայլն արվել է՝ Բաքվի բանակը թուրքական բանակի մասն է:

Այս կապակցությամբ Tengrinews գործակալությունը հարցեր է ուղղել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուին: Պատասխանելով Մեծ Թուրանի եւ Թուրանի բանակի վերաբերյալ հարցին Շոյգուն ասել է, որ թյուրքալեզու ժողովուրդներ են բնակվում նաեւ Ռուսաստանի տարածքում: «Դուք երազում եք այդ մասին, փորձում եք ինչ որ քայլեր անել: Ինչի՞ համար եւ ո՞ւմ դեմ», ասել է Շոյգուն:

Ո՞ւմ դեմ է ուղղված այդ բանակը, եթե Ռուսաստանում էլ թյուրքական ժողովուրդներ են ապրում, ասում է Շոյգուն: Հետաքրքիր պատասխան է:

Խոսելով Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին, Շոյգուն ասել է. «Համատեղ աշխատանք: Բարդ է, քանի որ խանգարում են, խանգարում է նաեւ այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է… Բայց մենք տարբերակներ ենք գտնում: Օրինակ, Իդլիբի գոտին… Վերջին աշխատանքն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղն է: Դա բավական բարդ գործողություն էր: Մյուս կողմից, Թուրքիայի ներգրավումը դրան… հույս ունեմ, որ եկել է ժամանակը, որ Հայաստանն ու Ադրբեջանը անցնեն երկկողմ շփումների, եւ այստեղ շատ բան կախված է Ռուսաստանում Թուրքիայի հետ ձեւավորված հարաբերություններից», ասել է Շոյգուն:

Նշենք, որ հետեւելով ռուս շատ բարձրագույն պաշտոնյաների, Շոյգուն նույնպես անկեղծության իր չափաբաժինն է մատուցում Հայաստանի դեմ Ղարաբաղում Թուրքիայի հետ համատեղ ծրագրերի վերաբերյալ: Իդլիբի ու Ղարաբաղի հերթականությունը պատահական չէ՝ այս երկու «գոտիներում» առավել վառ են արտահայտվել ռուս-թուրքական տանդեմի ծրագրերը: Իդլիբը ներկայում թուրքահպատակ խմբավորումների վերահսկողության տակ է, իրականացվում է ռուս-թուրքական համատեղ պարեկություն մոնիտորիգային կենտրոններով: Մոսկվան Թուրքիայի հետ պայմանավորվածությամբ կանգնեցրեց Ասադի բանակի հարձակումը Իդլիբում, եւ թուրքերը այնտեղից զորք եւ զինյալներ տեղափոխեցին Ղարաբաղ եւ Հայաստանի հետ սահմանային գոտի՝ Իգդիր:

Ռուս-թուրքական «պարեկությունը» Իդլիբը վերածել է գորշ գոտու՝ սպանությունների, թշվառության, սովի մատնելով միլիոնավոր մարդկանց: Իդլիբը եւ Ղարաբաղը «տարածաշրջանները հավասար կիսելու» Պուտին-Էրդողան եւ Լավրով-Չավուշօղլու մակարդակներով հռչակված քաղաքականությունն է:

Աղբյուր՝ lragir.am

(Visited 473 times, 1 visits today)