Ենթադրենք Լևոն Տեր-Պետրոսյանը իր տեսակետից հիմքեր ունի մեղադրել Փաշինյանին, որ… Ստյոպա Սաֆարյանի դիպուկ գրառումը

Ենթադրենք Լևոն Տեր-Պետրոսյանը իր տեսակետից հիմքեր ունի մեղադրել Փաշինյանին, որ ավելի վաղ չի գիտակցել կամ համոզվել, որ պատերազմի այլընտրանքը փոխզիջումային լուծումն է՝ թեկուզև ավելի վատ ու անբարենպաստ տարբերակով, քան 1997թ․ ընդհանուր պետությունն էր, ըստ այդմ՝ մեղադրել, որ իր գերլեգիտիմությունը չի օգտագործել հասարակությանը բացատրելու համար, որ պատերազմում հաղթելու շանսերը ցածր են, ուստի պետք է համաձայնել «տարածքներ ապաշրջափակման դիմաց» ռուսական պլանին․․․

Բայց Տեր-Պետրոսյանի ընդհանրություններն են անհասկանալի մնում այնպիսի նախկին ղեկավարների հետ, որոնք
1․ ըստ էության ու ըստ իրեն՝ տասնամյակներով ավելի են վատթարացրել 1997թ․ բանակցային տարբերակը և Հայաստանի հաջորդ իշանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին թողել սարսափելի վատ բանակցված ժառանգություն,

2․ 1998թ․ դիրքավորվել էին որպես «ոչ մի թիզական» և իրեն ներկայացրել 8000 քառակուսի կիլոմետր Արցախ ապահովելու պահանջ, իսկ այժմ նրանք ասում են, թե «ոչ մի թիզական չեն եղել» և իրենք կողմ են եղել ռուսական/Լավորվյան պլանով կարգավորմանը,

3․ ովքեր 2018-ից հետո Հայաստանի իշխանությունների առջև փակել էին փոխզիջումային տարբերակի շուրջ հանրային դիսկուրս վարելու բոլոր պատուհանները, քանի որ առաջին իսկ օրից պնդում էին, թե Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսայանի հոգեզավակն է, եկել է նրա Արցախյան քաղաքականությունը շարունակելու, «հողերը հանձնելու» ու իրենց դիրքավորել էին որպես դա թույլ չտվող «ոչ մի թիզական» ընդդիմություն։

Հարցը ամենևին այն մասին չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է անձնային դաշտում վիրավորանքից դրդված կամ թեկուզև քաղաքական կեցվածքի դաշտում նրանց հետ ոչինչ չքննարկի կամ քննարկեր․․․

Ես ինքս չեմ սիրում մանրախնդիր ղեկավարների, որոնց անձնական էմոցիաները կխեղդեն նրանց ավելի բարձր նպատակների ու շահերի շուրջ լուծումներ փնտրելու հարցում․․․

Հարցն այն է, որ այն, ինչի մեջ կարող է կամ հնարավոր է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատի Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, տեղի չի ունեցել ոչ միայն ասենք թե՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Տեր-Պետրոսյանի ասած քաղաքական կարգավորման ավելի նախընտրելի հեռանկարը չգիտակցելու արդյունքում, այլ որ իր զրուցակիցները նույնպես փակել են դա իրականացնելու հեռանկարները․․․

Փակել են 2,5 տարի շարունակ․․․ Ավելին, այդ նույն զրուցակիցներն են առավել չափով, քան անգամ Նիկոլ Փաշինյանը, պատասխանատու պատերազմին դիմակայելու կամ պատերազմում հաղթելու անունակ կամ անպատրաստ երկիր, բանակ ունենալու համար․ ի վերջո 20 տարվա չարվածը 2 տարում լրացնելը, այն էլ բզկտված պետության դեպքում, իրատեսական չէ․․․

Այդ դեպքում՝ ի՞նչ կա քննարկելու հենց նրանց հետ, այն էլ Արցախի վերաբերյալ․․․․
Զգուշացում։ Ոչ մի վիրավորանք որևէ մեկի հասցեին։

Ստյոպա Սաֆարյան

 

(Visited 59 times, 1 visits today)