Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ…

«Մենք չէինք կարող թույլ տալ հայերի հաղթանակը Արցախում, այլապես կկորցնեինք Կովկասը, այնուհետեւ ողջ Ռուսաստանը», օրերս հայտարարել է հայ ժողովրդին, իր բառերով՝ «այնուամենայնիվ առնչվող» Սերգեյ Կուրղինյանը:

Ռուսաստանի հայկական ազգանուններով գործիչները եւ Հայաստանի ուղղությամբ Կրեմլի քաղաքական մշակումներին մասնակից «հայամետ» գործիչները նրա համար են, որպեսզի հայերին մատչելի բացատրեն հայ-ռուսական հարաբերությունների էությունը: Դա շատ կարեւոր է, քանի որ հայկական քաղաքական դասի գերակշիռ մասի ռուսահպատակությունը երբեմն ավելորդ խնդիրներ է ստեղծում Կրեմլի համար:

Օրինակ, այդ շրջանակներն այնքան էին խճճվել պատերազմ 2020-ին Ռուսաստանին արդարացնելու հարցում, որ Կրեմլը հայտնվել էր հիմարի դերում, եւ հայ ժողովրդի մեկ այլ բարեկամ՝ Կոնստանտին Զատուլինը, ստիպված էր հայտարարել, որ պատերազմը նախաձեռնել եւ իրականացրել է Ռուսաստանը: Դե, իսկ Կրեմլի խորհրդական Վադիմ Եվսեեւն ավելի հեռուն էր գնացել՝ «Եթե [թուրքերի դեմ հայերը] դիմեն այլոց օգնության, կստանան նոր պատերազմ եւ նոր պարտություն»:

Բազմաթիվ այլ մեջբերումներ կարելի է անել, սակայն այս երեքն էլ բավարար է հասկանալու համար ընդհանուր պատկերը, որից էլ հասկանալի են դառնում «մանրուքները», թեեւ հայկական քաղաքական դասը գերադասում է փորփրել հենց այդ մանրուքները, ընկնելով անհեթեթությունների մեջ:

Իսկ ընդհանուր պատկերը հետեւյալն է՝ հայկական անկախ պետականությունը Մոսկվայում ընկալվում է որպես սպառնալիք, ինչպես 20-րդ դարասկզբին, որի ռազմա-քաղաքական հաղթանակն ու սոցիալ-տնտեսական զարգացումն անթույլատրելի է:

Վերջին շրջանում Բաքվի «անկախ» փորձագետները զարգացնում են այն թեզը, որ Ալիեւը ճիշտ է արել, որ չի գնացել մինչեւ վերջ եւ համաձայնել է ռուս խաղաղապահների մուտքին, քանի որ հակառակ դեպքում լուրջ խնդիրներ կառաջանային միջազգային ասպարեզում: Այս թեզը բնականաբար ուղղված է նախեւառաջ Ալիեւի հանդեպ ներքին քննադատություններին, մյուս կողմից այն արտահայտում է իրականությունը: Պուտինը փրկել է Ադրբեջանը, բայց ոչ միայն այդ մասով, այլեւ պատերազմի ողջ ընթացքի:

Ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում ստատուս-քվոն եւ ռուս-թուրքական համաձայնությունների իրականացումը երաշխավորելու համար է, չեզոքացնելով հայերի ցանկացած նախաձեռնություն ու պահանջ: Զուր չէ, որ խաղաղապահները Ղարաբաղում չունեն որեւէ մանդատ՝ ոչ միջազգային, ոչ էլ Բաքվի (Պուտին՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է): Դա հնարավորություն է տալիս զերծ մնալ հայերի հանդեպ որեւէ պարտավորություններից, որոնք, ըստ Պեսկովի՝ լրացուցիչ գլխացավանք են:

Ընդհանուր պատկերը հասկանալը կարեւոր է զարգացումների հետագա ընթացքը, կոմունիկացիաների այսպես կոչված ապաշրջափակման, Հայաստանում ռուսական զորքի տեղաշարժի տրամաբանությունը հասկանալու, համապատասխան քաղաքականություն մշակելու եւ դիմադրելու համար:

(Visited 246 times, 1 visits today)