Մահակ՝ անհնազանդների դեմ… Ուլիխանյանն էլ խաբեց

Այս տարվա հունվարի 21-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավար նշանակված Տիգրան Ուլիխանյանը, որը մինչ այդ «Իմ քայլի» պատգամավոր էր, նշանակման օրվանից սկսել է որպես մահակ օգտագործվել պետական սեկտորի այն ներկայացուցիչների դեմ, որոնք այս իշխանությունների հետ չեն։

Ու թեեւ Ուլիխանյանի մասին դրական կարծիքներ կային, եւ նա ՊՎԾ գալով խոստացել էր, որ անաչառ կլինի, քաղաքական պատվերներ չի կատարի, գործադիրի, անձամբ Փաշինյանի հրահանգով ուղղորդված ստուգումների չի գնա քաղաքական հակառակորդների մոտ, սակայն կյանքը լրիվ այլ բան ցույց տվեց։

Ուլիխանյանն էլ, իր ղեկավարի նման, խաբեց, այս դեպքում՝ իր կառույցի աշխատակիցներին, որոնցից ոմանք հույսեր էին կապում նրա հետ, որ նա գոնե այս իշխանության եզակի ազնիվ պաշտոնյաներից կլինի։ Սակայն նա առաջին իսկ օրվանից որդեգրեց փաշինյանական գործելաոճը՝ ճնշել նրանց, ովքեր դեմ են իշխանություններին։

Հայտնի դարձավ, օրինակ, որ ՊՎԾ աշխատակիցները հստակ հանձնարարականով շտապել են Սյունիք՝ լայնածավալ ստուգումներ սկսել Սյունիքի մարզի այն համայնքապետարաններում, որոնց ղեկավարները դեմ են այս իշխանություններին եւ օրերս էլ հայտ ներկայացրին քաղաքականություն մտնելու եւ նոր ընդդիմադիր կուսակցություն ձեւավորելու մասին։

Խոսքը Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի համայնքապետերի մասին է, որոնք անդամագրվել են դեռեւս չգրանցված «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է։

Սա, իհարկե, քաղաքական պատվերով իրականացվող միակ ստուգումը չէ, դրանից առաջ էլ ՊՎԾ-ն մտել էր Սպիտակի քաղաքապետարան, քանի որ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը «համարձակվել էր» միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Երեկ կառավարության նիստից հետո փորձեցինք հետաքրքրվել ՊՎԾ ղեկավարից, թե ինչու են քաղաքական պատվերներով ստուգումներ իրականացնում, սակայն Ուլիխանյանն ասաց, որ չի ցանկանում խոսել, ու արագ հեռացավ։

(Visited 126 times, 1 visits today)