ՈՒշագրավ. Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Բայդենի վարչակազմը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Միացյալ Նահանգների անունից բարոյապես անհրաժեշտ ուղերձ կուղղի Հայաստանի ժողովրդին, այլ նաև՝ աշխարհին: Ճանաչման ժամանակը հիմա է, գրել է Jerusalem Post-ի հոդվածագիր Էմիլի Շրադերը։

Նա հիշեցրել է, որ 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 401-11 բանաձևը, որին հաջորդել է միաձայն որոշումն ԱՄՆ Սենատում:

Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ շատ նախագահներ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչ այժմ ոչ ոք չի կատարել իր խոստումը:

«Այս ամիս Սպիտակ տան աղբյուրները հայտարարել են, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ քայլ կատարելով պատմական սխալն ուղղելու ճանապարհին»,-նշել է հոդվածագիրը։

Հաղորդվում է, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը Միացյալ Նահանգների պատմական և երկար սպասված որոշմամբ:

Բարոյապես աններելի թերության պայմաններում Իսրայելը և շատ այլ ազգեր ձախողել են կամ նույնիսկ հրաժարվել են ճանաչել 1915 թվականին Օսմանյան թուրքերի կողմից հայ քրիստոնյաների դեմ իրականացված Հայոց ցեղասպանությունը, գրել է Էմիլի Շրադերը։

«Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական քաղաքական հարաբերությունների պատճառով:

Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել և սպառնացել ազգերին, եթե նրանք նույնիսկ մտածել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին»,-նշել է նա:

Նա ավելացրել է, որ այսօր Իսրայելն Արաբական երկրների հետ հարաբերությունների շնորհիվ պակաս կախվածություն ունի Թուրքիայից, բայց ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն զենք է վաճառել Ադրբեջանին։

(Visited 24 times, 1 visits today)