Պուտինը պետք է հայկական գյուղեր այցելի

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ պատերազմից հետո Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը բարձրացել է և նա կարող է վարչապետի պաշտոնում փոխարինել Նիկոլ Փաշինյանին, ասել է.

«Գնացեք մոտակա մարզը, մոտակա գյուղը և ձեր ասած անձի անունը տվեք, բայց խորհուրդ եմ տալիս մեքենայի շարժիչը չանջատել այդ անունը տալուց»:

Իսկ անդրադառնալով Մարտի 1-ի գործին և ՍԴ-ի որոշմանը, նա ասել է. «Մարտի 1-ի գործի բացահայտման մասին, եթե դուրս գաք փողոցով քայլեք, ձեզ ամեն երրորդը դրա մասին կասի»:

«ՉԻ». Մենք պատահական չենք Ալեն Սիմոնյանից երկու մեջբերում արել: Ինչ հարցնում են, պատասխանում է՝ գնացեք փողոցում ճշտեք, գյուղում հարցրեք:

Ուրիշ բան չունեն ասելու: Սկսած Նիկոլ Փաշինյանից, բոլորը երկրի համար կարևորագույն հարցերի վերաբերյալ հզոր փաստարկ ունեն՝ գնացեք, ժողովրդին հարցրեք:

Որ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չդադարեցրեց, երբ դրա հնարավորությունը կար, անվրդով պատասխանում էր. ժողովուրդը չթողեց: Իրենք ոչ մի բանի համար իրենց պատասխանատու չեն զգում. պատասխանատուն ժողովուրդն է:

Այսինքն՝ ժողովուրդն է պարտվել պատերազմում, ժողովուրդն է հայտարարել, որ Քարվաճառը մերը չի, ժողովուրդն է ՍՈւ ինքնաթիռներ գնել՝ առանց հրթիռների ու 10 տոկոսանոց «Իսկանդերներ» գմփցրել:

Հետաքրքիր է, երբ մեր այս իշխանավորները դրսի հետ բանակցություններ են վարում, ի՞նչ են խոսում. պարոն Պուտին կամ Մակրոն, գնացեք, գյուղերում հարցրեք, թե ոնց պետք է լուծվի Արցախի հարցը:

Աղբյուր՝ 4rd.am

(Visited 51 times, 1 visits today)