Ամուլ քաղաքական գզվռտոց. 95%-ը քաղաքական անբարոյականներ են… Անի Զախարյան

EVNnews.com -ը զրուցել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ։

Անիի հետ խոսել ենք երկրում տեղի ունեցող իրավիճակի, երկրի կառավարման իր մոդելի, գերիների վերադարձի և այլ հարցերի շուրջ։

-Ինչպե՞ս եք վերաբերվում երկրում տիրող իրավիճակին։

-Երկրում տիրող իրավիճակը համարում եմ ողբերգական, քանզի դժնդակ պատերազմական օրերից, հազարավոր զոհերից և հայրենազրկումից հետո շարունակվում է ամուլ քաղաքական գզվռտոցը, և գիտակից մարդը հասկանում է, որ հայրենիքի ճակատագիրը մի քանի քաղաքական ճիվաղների ձեռքում ընդամենը մանրադրամ է և ուրիշ ոչինչ։ Սա սարսափելի իրողություն է և ազգային խայտառակություն, որի ականատեսն ենք այսօր։ Վստահ և պատասխանատու հայտարարում եմ՝ քաղաքական դաշտի 95%-ը քաղաքական անբարոյականներ են, և կարող եմ այս ամենը ասել նաև նրանց դեմքին, եթե հարկ լինի։

-Այս պահին կնախընտրեիք Նիկոլ Փաշինյանի՞ վարչապետությունը, Վազգեն Մանուկյանի՞ թե՞ ընդդիմադիր մեկ այլ ուժի։

RA National Assembly session took place

-Բնականաբար կնախընտրեի մեկ այլ ընդդիմադիր թիմի իշխանությունը, բայց ինչպես նշեցի վերևում, իրավիճակը ողբերգական է։ Եվ այս ֆոնին օրեցօր սրվում են թուրք-ադրբեջանական տանդեմից եկող մարտահրավերները։ Ողջ քաղաքական դաշտը Նիկոլ Փաշինյանին է ուզում դարձնել այս ամենի մեղավորը, մինչդեռ այդպես չէ, և երկրի այս օրհասական վիճակի մեղքը նաև նախկին իշխանությունների թողած քաղաքական-տնտեսական ժառանգությունն է, և այն կործանարար գործողությունները, որոնք «17»-ի կողմից որակվել են հայրենիքի փրկություն։

Հայրենիքի փրկության անվան տակ գնում է առանց այն էլ վարկանիշ, հեղինակություն չունեցող կառավարության և վարչապետի ոչնչացում, որն այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար։ «17»-ի ողջ պրոպագանդան հիմնված է էժանագին ստերի, կեղծիքի և հերյուրանքի վրա, որտեղ պետական ազգային շահերին վերաբերող ոչ մի խոսք, ես մինչ օրս չեմ լսել։

յդ խմբավորման մեջ միավորվել են նրանք, որոնց կոալիցիոն իշխանությունը Հայաստանը դարձրեց գաղութ, և որոնց անհեռատես քվեարկությամբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Ավելին, այս ուժերը ամիսներ առաջ մերժեցին իմ կողմից ներկայացված ազգային ծրագիրը, ինչը վկայությունն է այն բանի, որ իրենց

նպատակը ոչ թե ազգային֊ժողովրդական շահն է, այլ իրենց անձնականը։ Մարտի 21-ից մեկնարկում է իմ կողմից առաջնորդվելիք համաժողովրդական շարժումը, որի նպատակն է մերժել խորհրդարանական ամուլ համակարգը և անցնել ուժեղ նախագահական համակարգի։ Խորհրդարանական համակարգը մեր երկիրը վերածել է կրկեսի և քաոսի, և այս համակարգի նախաձեռնողները կրկին այդ «17»-ն են։

-Ձեր թեկնածությունը առաջադրելու՞ եք արտահերթ ընտրություններին, եթե այո, ապա ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը։

-Հայաստանը այս բարդ պատմական ժամանակաշրջանում կարիք ունի ուժեղ կենտրոնացված կառավարման, և այս համաժողովրդական շարժմամբ ես ժողովրդի հետ միասին պայքարելու եմ նախագահական համակարգի անցման համար, որից հետո նոր կմտածեմ ընտրություններին մասնակցելու մասին։ Արտահերթ ընտրություններ անցկացնելու փոխարեն ես կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին միանալ իմ ղեկավարած շարժմանը և անցում կատարել նախագահական համակարգի և վերջապես վերջ դնել այն բարդակին և ամենաթողությանը, որը տիրում է մեր երկրում։ Մոտ ժամանակներս ես կձևակերպեմ այդ շարժման հիմնական նպատակները և պատրաստ եմ դրանք

քննարկել նաև Փաշինյանի հետ, և իր խոհեմությունից է կախված իմ հետագա քայլերը իր նկատմամբ։ Արդյոք ներե՞լ եմ ես իրեն Արցախի հանձնումը, իհարկե ոչ, բայց պետք է վեր կանգնել էմոցիաներից և փորձել խելամիտ քայլերով երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։

-Ունե՞ք երկիրը այս վիճակից դուրս բերելու Ձեր մեթոդները, և որո՞նք են դրանք։

-Արդեն հարցազրույցի երկրորդ մասում խոսեցի, որ ելքը նոր սահմանադրությունն է, որը հենված կլինի ազգային շահերի, սոցիալական արդարության և կառավարման նոր մոդելի վրա, որը առաջիկայում ես կներկայացնեմ մեր ժողովրդին։
-Ու՞մ եք համարում Ձեզ իսկապես մրցակից։

-Գիտե՞ք՝ ես երբեք մրցակցության մեջ չեմ մտնում, քանզի իմ նպատակը մեր պետության առաջընթացն է, և այդ մրցակցությունը միմիայն խանգարում է այդ առաջընթացին։ Ես ձգտում եմ ազգային լայն համագործակցության և անձի խնդիր երբեք չեմ լուծել քաղաքականության մեջ։ Անշուշտ, առողջ մրցակցությունը լավ երևույթ է, բայց ես չեմ կենտրոնանում դատարկ երևույթների վրա․ իմ նպատակը առաջին հերթին իմ երեխայի և նաև մյուս բալիկների համար արժանապատիվ ապագա կառուցելն է, որովհետև կա՛մ պիտի կառուցես այդ ապագան, կա՛մ լքես երկիրը, քանի որ վիճակը իրապես խայտառակ է։

Մեկ-մեկ, երբ մտածում եմ, որ իմ հրաշք բալիկը պիտի մեծանա այս համատարած դեգրադացիայի և բարոյալքման մեջ, սարսափում եմ։ Իմ երիտասարդ տարիները զոհեցի հանուն լավ ապագայի, երեխայիս մանկությունը չեմ զոհի։ Ուստի այժմ վերջին անգամ լուրջ կպայքարեմ հանուն իմ երկրի արժանապատիվ ապագայի, և եթե ժողովուրդը կանգնի իմ կողքին, կգնանք առաջ, եթե ոչ, ես դուրս եմ գալու քաղաքականությունից։

-Եթե Դուք դառնաք երկրի առաջնորդ, գերիների հարցը ինչպե՞ս եք լուծելու։

-Գերիների հարցը վաղուց լուծված կլիներ, եթե քաղաքական դաշտում մի կողմ դնեին գզվռտոցը և գիտակցեին, որ գոնե այս հարցում պետք է համատեղել ջանքերը։ Ես այս փուլից սկսած պատրաստվում եմ զբաղվել այդ խնդրով, քանզի ինչպես տեսնում եք, քաղաքական ողջ դաշտը ոչ մի արդյունք չունի այս խնդրում։ Այս հիմնախնդիրն ինձ համար բարոյական հարթության մեջ է, և ես այն քաղաքականացնելը համարում եմ անբարոյականություն։

(Visited 22 times, 1 visits today)