Այս երկու կողմն էլ պետք է պատասխան տան իրենց արածների ու չարածների համար, և… Դավիթ Սանասարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը:

– «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնություն. քաղաքական նոր բրե՞նդ է ձևավորվում:

– Այո՛, քաղաքական նոր ուժ է ձևավորվում, և ապրիլի 23-ին լինելու է հիմնադիր համագումարը, մենք ներկայացնելու ենք մեր ծրագրերը, քաղաքական գնահատականներ ենք տալու բոլոր ժամանակների իշխանությունների արածներին ու չարածներին, նաև մեր լուծումները, մեր այլընտրանքն ենք ներկայացնելու:

– Այսինքն՝ ընտրություններին մասնակցելու նպատա՞կ եք հետապնդում:

– Այո՛:

– Ո՞վ կամ ի՞նչն է սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը. նուրբ ազդակներ կան այս նախաձեռնության անվան մեջ:

– Նախ՝ մեր համոզմունքն է, որ Հայաստանի իշխանությունները քայլ առ քայլ զիջել են Հայաստանի ինքնիշխանությունը:

– Նաև այն իշխանությունը, որի անդա՞մն էիք մի ժամանակ:

– Այո՛, այս իշխանությունը նույնպես սխալներ է թույլ տվել այդ առումով: 2018թ. մեր ժողովուրդը պատգամ էր տվել նոր որակի պետություն կառուցելու, և ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանությունը ցույց տվեց, որ ի վիճակի չէ Հայաստանում փոփոխություններ իրականացնելու, և պատճառները բազմաթիվ են: Համոզմունք ունեմ, որ մեր պետության կարևորագույն խնդիրները կապված են մեր ինքնիշխանության կորստի հետ: Հայաստանի քաղաքական դաշտը չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, և գնալով կախվածությունը մեծացնում են: Ամեն մի ճակատագրական որոշումով Հայաստանի դերը թուլացրել են:

– Այսինքն՝ ձեր այդ գնահատականը պատերազմից բխող չէ՞:

– Նաև պատերազմից բխող է, պատերազմի ժամանակ դա ավելի ցցուն կերպով հանրությանն ի ցույց դվեց:

– Որպես պատերազմի մասնակից, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ հետևություն արեցիք:

– Տարիներ շարունակ մսխվել է պետությունը նախորդ իշխանությունների կողմից, իրար հաջորդելով՝ ՀՀ իշխանությունները սեփականաշնորհել են Հայաստանի հարստությունները, փոխարենը կարող էին հզորացնել բանակը, տնտեսությունը, բարելավեին ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը և այլն: Որ այսպիսի պարտություն կրեցինք, դրանում նախկինները առյուծի բաժին ունեն, բայց նաև օրվա իշխանությունները՝ իրենց կադրային քաղաքականությամբ, իրենց ոչ պատշաճ կազմակերպչական աշխատանքներով թերացան: Որտեղ որ ես եմ եղել, տեսել եմ անկազմակերպվածություն:

– Թե՞ սաբոտաժ:

– Կարող է երկուսը միասին, որովհետև ինձ մոտեցել է մի հայրենակից, որ ասել է՝ հողերը ծախած են, փախեք, ես կոշտ զրույց եմ ունեցել, ու ասել եմ, որ չեն կարող հողերը ծախել, թույլ չեմ տա տարածես, եթե անգամ այդպես է, մենք այստեղ ենք, որ դա թույլ չտանք ու հողերը պահենք… Տեսել եմ շատ լավ արցախցի հայրենակիցների, որոնք իրենց կյանքը զոհեցին, վիրավորվեցին, կարևոր դերակատարություն ունեցան, և տեսել եմ մարդկանց, որոնք սպասում էին անհաջողության, որ այդ մասին խոսեն:

– Գեներալների ներսի ամհամաձայնությունը, ԳՇ-ում տեղի ունեցածը երևի այդ ձեր ասած մտքից է գալիս:

– Երևի, բայց ամեն ինչ գեներալների վրա բարդելը կնշանակի, որ Հայաստանում իշխանություն չկա, այսինքն՝ քաղաքական իշխանությունն ամեն դեպքում պետք է այդ խնդիրը կարգավորած լիներ:

– Նախկին նախագահները հանդիպեցին, շատերի կարծիքով՝ անհավանական ֆորմատով: Ի՞նչ հասկացաք այդ հանդիպումից:

– Երկար տարիներ միմյանց անպատվել են, և հիմա ամեն մեկը մի ձևով է փորձում ներկայացնել նրանց հանդիպումը, բայց իրենք պետք է խոսեն՝ ասեն, թե ինչի մասին են իրենց հանդիպումները, ինձ, օրինակ, շատ հետաքրքիր չէ:

– Կա ուրվագիծ, չի բացառվում, որ այդ հանդիպումներն ավարտվեն քաղաքական դաշինքներով:

– Ես կարծում եմ՝ այլևս այդպիսի թեմա չկա, որ հայ հանրությունը զարմանա: Չկայացած քաղաքական դաշտին, շատ խնդիրներ ունեցող պետությանը հարիր են նման դրսևորումները, եթե իրականում դաշինք կազմելու մտադրություն ունեն, և ոչ թե մամուլն է այդպես ներկայացնում, թող հանդես գան, և ժողովուրդն էլ իր ասելիքը կասի այդ մասին:

– Մի խոսքով՝ շատ հարցերի հանգուցալուծումը կտրվի ընտրություններով:

– Ես չեմ կարծում, թե այս ընտրություններով հանգուցալուծում է լինելու: Ես միշտ ասել եմ, որ մինչև դատական համակարգի բարեփոխումները չիրականացվեն, սխալ է ընտրությունների գնալը, այդ թվում նաև ԸՕ փոփոխություններ պետք է արվեն… Մեծ հաշվով, խնդիրները մնալու են, կարծում եմ՝ հետընտրական ցնցումներ կլինեն: Եթե վարչական լծակ օգտագործվեց կամ եթե խոշոր գործարարները պարտադրեն իրենց աշխատողներին, շատ վատ է լինելու, եթե փողոցային խուժանը նորից դեր ունենա ընտրությունների ժամանակ, վատ է լինելու: Ողջունելի է, որ ռեյտինգային ընտրակարգը վերանում է…

– Ամեն դեպքում մասնակցելո՞ւ եք ընտրություններին:

– Այո՛, պարտադիր մասնակցելու ենք և այլընտրանք ենք ներկայացնելու: Տեսեք՝ ժողովրդին ներկայացնում են երկու բևեռ՝ իշխանությունը և 17 ուժերը, որ իրենց Հայրենիքի փրկության ճակատ են համարում, ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի փրկության ճակատն են նրանք, քանի դեռ իրենք կան, Նիկոլ Փաշինյանը ավելի լավ դիրքում է: Ժողովուրդը չի մոռացել, թե նրանք ինչ են արել:

Ես կարծում եմ, որ այս երկու կողմն էլ պետք է պատասխան տան իրենց արածների ու չարածների համար, և ժողովուրդն այլընտրանք պետք է ունենա, ու մենք փորձելու ենք ձևավորել այդ այլընտրանքը: Ես չեմ կարծում, որ այս ընտրությունները տալու են բոլոր հարցերի պատասխանը, միգուցե ճգնաժամը է՛լ ավելի խորանա: Հույս ունեմ, որ մեր ժողովուրդը զգոն կլինի և գառան մորթի հագած գայլերին մեծ նշանակություն չի տա և կմերժի, ինչպես 2018-ին: Չենք բացառում, որ կքննարկենք դաշինք կազմելու հարցը, բայց բացառում ենք նախկին կամ ներկա իշխանությունների հետ դաշինք կազմելը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

(Visited 104 times, 1 visits today)