պետք է կանխել պետության լուծարման ծրագիրը․ Նարինե Դիլբարյան

Ընտրությունների հեռանկարը բավականին վտանագավոր է, սակայն կա նաև ճանապարհ հենց ընտրությունների միջոցով թույլ չտալ, որ հայկական պետության լուծարման ծրագիրը իրականություն դառնա, այս իրավիճակում, քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանը և հայկականությունը դիտարկում են թշնամի, հաշտության, բարեկամության մասին խոսքը հայկական պետականությանը հերթական կործանարար վնասը հասցնելուն է ուղղված։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը։ Նա հիշեցրեց, որ հանրությունը, նաև քաղաքական ուժերը իրավունք ունեն կանխել հայկական պետության լուծարումը և այդ իսկ պատճառով պետք է անեն ամեն ինչ, որ իրենց ընձեռված սահմանադրական միջոցներով կանխեն նաև վարչական ռեսուրսի կիրառումը, հասարակական կարծիքի մանիպուլացումը։

«Ընտրությունները պետք է հենց ընտրություններ լինեն, ոչ թե վստահության հանրաքվե, ինչպես 2018-ին էր»,-ասաց նա։

Նարինե Դիլբարյանի խոսքով՝ Հայաստանը այս կործանարար պատերազմից չի գնում վերախմբման, պետական ինքնիշխանության վերականգնման ճանապարհով, խաղաղությունը ամենացանկալի իրավիճակն է ցանկացած պետության և ազգի համար, սակայն դարեր ի վեր նշվել է, որ խաղաղության հասնելու ամենաճիշտ ճանապարհը պատերազմին նախապատրաստվելն է։

 

«Մենք ոչ միայն պատերազմին չնախապատրաստվեցինք, այլև կարծես չխուսափեցինք դրանից, հիմա շարունակում ենք հարևանների հետ խաղաղ համակեցության կեղծ քաղաքականությունը։ Սա չափազանց վտանգավոր է Ցեղասպանության տարելիցի շեմին, ներկայիս իրավիճակը կարող է խիստ բացասական ազեդեցություն ունենալ հայկական հարցի, Հայ դատի և պահանջատիրության հետ կապված։ Պահանջատիրության հիմքում ընկած է մեր հայրենազրկումը, որին այս պատերազմից հետո հավելեցինք ևս մեկ հայրանազրկում՝ Արցախի ոչ միայն ԼՂԻՄ, այլև ազատագրված տարածքների կորուստը։ Այս իշխանությունները ոչ միայն չեն գիտակցել և չեն վերաիմաստավորել մեր անցյալի սխալները, այլև գնում են այդ սխալների կրկնողության ճանապարհով»,-ասաց նա։

Դիլբարյանի կարծիքով՝ այս ամենի ենթատեքստում ուրվագծվում է Հայաստան-Ադրբեջան նոր պայմանագրի կնքումը, որը կարող է լինել խաղաղության կամ հաշտության պայմանագրի տեսքով։ «Սակայն նման պայմանագիրը բացարձակ իրավազոր չի լինի և դրա կանխումը կարող է նախաձեռնել ինչպես ՀՀ ողջ հանրությունը, այնպես էլ քաղաքական ուժերը։ Քանի Թուրքիան և Ադրբեջանը չեն փոխել իրենց քաղաքական ուղեգիծը, ինչը ճնշումն է և հայկականության մերժումը, հաշտության կամ խաղաղության մասին խոսելը վտանգավոր է։ Հիմա խաղաղությունը հատկապես կապում են երջանիկ և հարուստ ապրելու առասպելի հետ։

Դա ցնորք է, որը հնչում է ապաշրջափակում անունով, իրականում ապաշրջափակումը կեղծ գաղափար է, Հայաստանը ոչ մեկին չի շրջափակել, Թուրքիան ինքն է մեզ շրջափակել, իսկ Ադրբեջանը ոչ միայն մեզ շրջափակել է, այլև մեր հողերի մասին խոսելիս՝ ասում է, որ դրանք հայկական վերահսկողության տակ մնացած են, «վերահսկողության տակ մնացած» տարածքների ճանապարհներին ադրբեջանցիները քարկոծում են հայկական պետհամարնիշներով մեքենաները, իրենց պահում են ցինիկ, բացահայտ ոչ թե խաղաղությանը նախապատրաստվողի կեցվածքով, այլ ընդհակառակը՝ մեզ ոչնչացնողի կեցվածքով»,-ասաց նա։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը ի լուր աշխարհի ձևակերպել է իր տարածքային հավակնությունները ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ:

«ՀՀ-ն և ԱՀրցախը մինչև նոյեմբերի 9-ը ազգերի ինքնորոշման սկզբունքի համար էին պայքարում, Ադրբեջանը՝ իր արհեստական գծված, միջազգային իրավունքին հակասող, խնդրահարույց սահմանների համար: Անցած պատերազմից հետո Ադրբեջանն արդեն բռնազավթել է հայկական տարածքները և առաջ է գնում ՀՀ տարածքային ամբողջականությունը վերջնականապես ջախջախելու ուղղությամբ՝ ի խախտումն նաև Հայաստանի համար անձնատվական եռակողմ նոյեմբերի 9-ի հայտարարության:

Սյունիքը բռնազավթելու նպատակը, Ալիևի համոզմամբ, համաթուրքական աշխարհի միասնական խնդիրն է, որից էլ Ալիևը ակնկալում է գործուն ջանքեր: Ալիևի այս վերջին քայլերի ակտիվացումն ուղղակի արդյունքն է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վարած քաղաքականության՝ ճանապարհները իբրև ապաշրջափակելու, հարևանների հետ զրո խնդիրների, իր ձևակերպմամբ թշնամի չլինելու, խաղաղ համակեցության մասին»,-եզրափակեց նա։

(Visited 15 times, 1 visits today)