Բողոքի ակցիա Մարգահովիտում. Նախկին ՀՀԿ-ականը հակադրվում է բնակիչներին

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում բնակիչներն առավոտյան բողոքի ակցիա են իրականացնում. Նրանք բողոքում են այդ տարածքում պղնձի հանքի բացման դեմ:

Այդ ծրագրի շրջանակում մարզի 5 գյուղեր ազդակիր համայքներ են այդ թվում Մարգահովիտը: Համայնքին ներկայացվել է փաթեթը, թե ինչ հանքի մասին է խոսքը, իսկ այսօր նախատեսված է հանրային լսումներ Մարգհովիտում, որին գյուղացիները չեն պատրաստվում մասնակցել:

Գյուղացիների հետ զրույցում Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ, նախկին ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը, ով դատապարտվել էր ծառայության գումարները յուրացնելու համար, նշեց, որ փակ հանք է լինելու, պոչամբար չի ունենալու, քանի որ մինչեւ կես մլն տոննա հանքաքարի մշակումը չի կարող իրականացվել պոչամբարի միջոցով:

Մեղադրանքին, թե ինքն էլ երեւի փայ ունի էդ ծրագրում, նա արձագանքեց, որ ինքը փայ չունի, միայն վճարովի աշխատանք է կատարում: Վազգեն Խաչիկյանի խոսքով, հանքը լինելու է Մարգահովիտից 20 կմ հեռավորության վրա: Նա նշեց, որ սեփականատերերը Չեխիայի քաղաքացիներ են՝ չեխեր:

Լոռու նախկին փոխմարզպետ Գայանե Սարգսյանն էլ հայտարարեց, որ ինքը որպես նախկին պաշտոնյա դեմ է Լոռու մարզում ցանկացած հանքի շահագործմանը:

(Visited 52 times, 1 visits today)