Բունտ՝ Սոցապ նախարարությունում. Մանրամասներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում նոր բունտ է հասունանում: Նախկին նախարար Զարոհի Բաթոյանի փոփոխությունները, որոնք այժմ մեծ շուքով իրականացնում է ներկայիս նախարար Մեսրոպ Առաքելյանը, դժգոհությունների առիթ է հանդիսացել:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է նախարարության Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնին: Բանն այն է, որ դեռեւս Բաթոյանի օրոք արված փոփոխությունների արդյունքում նախարարության կազմում ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայություն, որը միավորում է համակարգում գործող չորս կառույցներ, այդ թվում` Զբաղվածության պետական գործակալությունը՝ իր բոլոր տարածքային կենտրոններով:

Ընդ որում, կանոնադրության համաձայն, այդ նոր սոցիալական ծառայության կազմում գործակալությունը պետք է պահպաներ իր բոլոր գործառույթները, սակայն այս տարվա փետրվարի 26-ի որոշմամբ գործակալությունը վերակազմակերպման փոխարեն դադարեցվել է, որն էլ հիմք է հանդիսանում քաղաքացիական ծառայողներին պաշտոններից ազատման համար:

Եվ ուշագրավ է, որ տարբեր առիթներով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարում էր, թե իրականացվող բարեփոխումների արդյունքում որեւէ քաղաքացիական ծառայող չի կորցնի իր աշխատանքը, սակայն հիմա աշխատողները բախվել են դառը իրականությանը եւ նամակներով դիմում են տարբեր կառույցների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրին լուծում գտնելու համար:

Բանն այն է, որ բացի այս ամենից նաեւ օրենսդրության խախտում է տեղի ունենում, քանի որ Սոցիալական աջակցության մասին օրենքի անցումային դրույթներով սահմանված է, որ համապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին Միասնական սոցիալական ծառայությունում կարող են առաջարկել քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ, սակայն բազմամյա աշխատանքային փորձ ունեցողներին համապատասխան աշխատանքի առաջարկ չի արվել:

Ավելին, հայտարարվել են ժամանակավոր թափուր պաշտոնների մրցույթներ, որոնց կարող են մասնակցել նաեւ այլ անձինք: Այսպիսով, 200 քաղաքացիական ծառայողների իրավունքներ խախտվում են եւ նրանք հայտնվել են խնդրի առջեւ՝ չնայած նախկինում արված հայտարարությունների:

(Visited 90 times, 1 visits today)