Ստյոպա Սաֆարյանին պարտադրվեց ներողություն խնդրել. Ինչ է կատարվել

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, որը չնայած որ պարտավոր է ի պաշտոնե քաղաքական չեզոքություն դրսևորել, սակայն աչքի է ընկնում իշխանության ամեն գործողություն արդարացնելով և հանրային կրքերը էլ ավելի թեժացնելով, և որը նաև աչքի չի ընկնում զսպվածությամբ, պարզվում է նաև, որ «մի պարկ» դատական հայցեր ունի իր դեմ։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ստյոպա Սաֆարյանի դեմ քաղհայց են ներկայացրել ոչ միայն պաշտոնյաներ, այլև լրատվամիջոցներ։

Եվ այսպես՝ Ստյոպա Սաֆարյանի դեմ դատական հայց են ներկայացրել «168 Ժամ»-ը և խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ Սաթիկ Սեյրանյանի պատիվն ու արժանապատվությունը, Սաթիկ Սեյրանյանի և «168 ԺԱՄ» ՍՊ ընկերության գործարար համբավն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելուն, վերջիններիցս ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, ինչպես նաև 2․000․000 դրամ՝ որպես զրպարտության և 1․000․000 դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։ Ստյոպա Սաֆարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որը և դատարանը հետ է վերադարձրել է։ Ստյոպա Սաֆարյանը նաև վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը դատարանի կողմից մերժվել է։

Ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի հայցադիմում է ներկայացրել լրագրող Թագուհի Ասլանյանը։ 2019թ-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի գրասենյակում կազմակերպվել էր քննարկում, որը իր ֆորմատով եղել էր բաց քննարկում, թեև Սաֆարյանը նախօրոք լրատվամիջոցների «սև ցուցակ» է հրապարակել, որոնք իր համար անցանկալի էին։ «Լայվնյուզի» լրագրող Թագուհի Ասլանյանի հասցեին էլ Սաֆարյանը արտահայտվել էր անվայել կերպով․

«Ես չեմ համենում։ Ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ Ձեր տարածքների, ո՛չ Ձեր տների, Դուք իմ կինը չեք, որ ինձ որևէ տեղ հրավիրեք, իմ կինը կարող է ինձ տեղ հրավիրել»,- այսպես էր պատասխանել Ստյոպա Սաֆարյանը, երբ լրագրողը նրան հրավիրել էր լրատվամիջոցի տաղավար։ Դատարանը վճռել է․ «Թագուհի Ասլանյանի հայցը բավարարել մասնակի.
Պատասխանող Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանին պարտավորեցնել հայցվոր Թագուհի Բորիկի Ասլանյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ ձևով.

Պարտավորեցնել պատասխանող Ստյոպա Սաֆարյանինառնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող մամուլի միջոցով հրապարակել հետևյալ հայտարարությունը.

29.10.2019թ. Ես՝ Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանս, վիրավորական արտահայտություններ եմ հասցեագրել, «Լայվ նյուզ» մեդիա ՍՊ ընկերության լրագրող Թագուհի Ասլանյանին, որի համար ներողություն եմ խնդրում:

Պատասխանող Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանից հօգուտ հայցվոր Թագուհի Բորիկի Ասլանյանի բռնագանձել 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցում»։

Ընդդեմ Սաֆարյանի հայց են ներկայացրել նաև Մարինա Խաչատրյանը, «News,am»-ը, Տիգրան Ուրիխանյանն ու «Ալյանս» կուսակցությունը, բոլորը պատվին ու արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասը փոխհատուցելու պահանջով։

(Visited 134 times, 1 visits today)