Ուրբաթ օրը կայացած հեռախոսազանգի ժամանակ Բայդենը կոպիտ ու կտրուկ ասել է Էրդողանին, որ ինքը կոտորածը կհայտարարի որպես ցեղասպ անության գործողություն…

Հանգստյան օրերին միջազգային մամուլը հեղեղվել էր բացառիկ ու ազդեցիկ իրադարձությամբ: ԱՄՆ-ի բոլոր նախագահներից տարբերվելով, առաջին անգամ գործող նախագահ Ջոզեֆ Բայդենն իր բանավոր խոսքում՝ ապրիլքսնչորսյան ուղերձում «Մեծ կոտորած», «Մեծ ջարդ» տերմինների փոխարեն կիրառեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ այդպիսով մոտ մեկ դար առաջ Օսմանյան պետությունում տեղի ունեցած իրադարձությունները որակելով իրական անունով՝ Ցեղասպանություն:

Կայծակնային արագությամբ իրադարձության մասին լուրերը հեղեցին ամբողջ աշխարհի ամենահայտնի ու ազդեցիկ լրատվականների էջերը, որին հաջորդեցին փորձագետների, պատմաբանների ու քաղաքագետների վերլուծությունները, հարցազրույցներն ու թուք-ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ջղագրգիռ մեկնաբանությունները:

«Նախագահ Բայդենն արեց այն, ինչ չէր արել իր նախորդներից ոչ մեկը: Նա հայտարարեց, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող էթնիկ հայերի կոտորածները «ցեղասպանություն» են եղել: Որոշումը կայացվել է Ամերիկայի հայկական համայնքի տարիների լոբբինգի և Վաշինգտոնի մի շարք օրենսդիրների ճնշումներից հետո: Բայց դա բարկացած արձագանք է առաջացրել Թուրքիայում, որտեղ իշխանությունները, ապավինելով հասարակության լայն կարծիքի, տարիներ շարունակ դեմ են այդ ժամանակի արյունալի իրադարձությունները դատապարտելու արտաքին փորձերին»: Այս մասին գրել է ամերիկյան հեղինակավոր The Washington post-ը՝ վերլուծելով իրադարձությունը:

Նշվում է, որ այս քայլն արտացոլում է ԱՄՆ-ի նոր վարչակազմի ցանկությունը `ավելի բացահայտ և հետևողականորեն պաշտպանելու մարդու իրավունքները համաշխարհային բեմում: Ըստ թերթի, տասնամյակներ շարունակ ԱՄՆ հաջորդական վարչակազմերը դիմադրություն են ցույց տվել որոշմանը ՝ վախենալով վտանգել կապերը սառը պատերազմի երկարամյա դաշնակից և ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ Թուրքիայի հետ:

BBC-ն, անդրադառնալով Բայդենի պատմական ելույթին, գրել է, որ հարցը խիստ զգայուն է. Թուրքիան փաստացի ընդունում է վայրագությունները, բայց մերժում է «ցեղասպանություն» տերմինը: Ժամանակակից թուրք իշխանություններն էլ պնդում են, որ անցյալից դասեր քաղելու կարիք չունեն, քանի որ անցյալի ամոթալի իրադարձություններ ևս չունեն:

Ըստ BBC-ի, ԱՄՆ-ի նախկին վարչակազմերը պաշտոնական հայտարարություններում չեն օգտագործել ցեղասպանություն եզրույթը` մտավախություն ունենալով ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների վնասման հետ կապված: Ըստ լրատվականի, թեև իրադարձություններն ավելի քան 100 տարվա վաղեմություն ունեն, սակայն արձանագրված են լրագրողների, պատմաբանների, դիվանագետների կողմից:

Ըստ կայքի, Բայդենն այս հայտարարությամբ մտադիր չի եղել «մեղադրանք առաջադրելը Թուրքիային, այլ ցանկանում է, որ տեղի ունեցածը երբեք այլևս չկրկնվի»: Այս համատեքստում, BBC-ի փոխանցմամբ, Բայդենի հայտարարությունը հիմնականում խորհրդանշական է և չի պարունակում լրացուցիչ պատժամիջոցներ:

NBC News-ը գրել է, որ Բայդենի հայտարարությունը բուռն արձագանք է ստացել Թուրքիայում: Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նախազգուշացրել էր Բայդենի վարչակազմին, որ նշանակումը կվնասի ԱՄՆ-ի հետ հարաբերություններին և խիստ արձագանք կստանա: Ըստ լրատվականի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առանց այդ էլ սրված հարաբերությունները կարող են հայտնվել առավել բարդ փակուղու առաջ:

Ըստ NBC-ի, Բայդենը խոստացել էր կատարել իր նախընտրական խոստումը , բացի այդ, Կոնգրեսի անդամների երկկուսակցական խումբը Բայդենին հորդորում էր քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ:

«Թուրքիան ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական գործընկերներից է, բայց Բայդենը դեռ քարոզարշավի ընթացքում քննադատաբար էր վերաբերվում Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հատկանշական է, որ ապրիլի 24-ի նախօրեին, նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Էրդողանի հետ առաջին անգամ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Բայդենն Էրդողանին տեղեկացրել էր իր հայտարարության մասին»,-նշում է կայքը՝ հիշեցնելով, որ Բայդենի որոշման մասին իրենց հայտնել էր ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրը:

Reuters գործակալությունը, անդրադառնալով Բայդենի հայտարարությանն ու Ցեղասպանության փաստին, գրել է, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո 1923 թվականին ստեղծված Թուրքական Հանրապետությունը միշտ մերժել է հայերին բնաջնջելու համակարգված արշավը:

«Փորձելով թաղել մեկ դարյա թշնամությունը, 2009 թ. Հայաստանն ու Թուրքիան խաղաղության պայմանագիր ստորագրեցին `կոչ անելով ստեղծել միջազգային փորձագետների հանձնաժողով 1915 թ. Իրադարձությունների համար:

Նրանք պայմանավորվել էին դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել իրենց սահմանը ՝ պայմանագրի համաձայն: Բայց Երևանն ու Անկարան միմյանց մեղադրեցին տեքստերը վերաշարադրելու փորձի մեջ, և վավերացումը վեց ամսով կասեցվեց: Հայաստանը 2018-ին պաշտոնապես հետ կանգնեց գործարքից:

Անցյալ տարի Թուրքիան վճռականորեն սատարեց Ադրբեջանին Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեցշաբաթյա պատերազմում»,-գրել է Reuters-ը՝ օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածը նշելով որպես թշնամանքի պատճառ:

Գրելով Բայդենի հայտարարության մասին, CBS News-ը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահի կողմից Ցեղասպանություն բառը կիրառվել է Էրդողանի հետ նրա հեռախոսազանգից հետո, որի բովանդակության մասին պաշտոնկան հաղորդագրությունները, սակայն, չեն պարունակել նման տեղեկատվություն: Լրատվականը հիշեցրել է անցյալ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայտարարության մեջ, որպես նախագահի թեկնածու Բայդենի տված խոստումը, որում նա նշում էր. «Ես խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և մարդու համընդհանուր իրավունքները կդարձնեմ գերխնդիր իմ վարչակազմի համար»:

Մի քանի օր առաջ, հայտնելով, որ Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հեղինակավոր AlJazeera-ն գրել էր, որ տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման միջոցառումները կանգ են առել ԱՄՆ Կոնգրեսում, ԱՄՆ նախագահները ձեռնպահ են մնացել այն այդպես անվանելուց `կապված Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման մտավախությունների և Անկարայի լարված լոբբիստական գործունեության հետ:

Լրատվականը նշել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սերտ կապեր է հաստատել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, բայց Բայդենի դեպքում ամեն ինչ դեռ պարզ չէ:

Պաշտոնը ստանձնելուց ի վեր, ըստ լրատվականի, Թուրքիայի և Ամերիկայի պաշտոնյաները բանակցություններ են վարում, Բայդենի վարչակազմը ուժեղացրել է ճնշումը Թուրքիայի վրա ՝ հաճախ արտահայտելով իր դժգոհությունը Անկարայի մարդու իրավունքների վերաբերյալ արձանագրությունների և երկու կողմերի միջև տարաձայնությունների շուրջ՝ կապված տարբեր հարցերի, այդ թվում ՝ Թուրքիայի կողմից ռուսական զենք գնելու ու Սիրիայի հետ:

Արդեն Բայդենի հայտարարությունից հետո, գրելով Թուրքիայի արձագանքի մասին, ALJazeera-ն գրել է, որ Բայդենի հայտարարությունը մանրակրկիտ մշակվել է ՝ շեշտելու համար, որ տեղահանությունները, կոտորածները տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում:

The New York Times-ը գրել է, որ Բայդենի հայտարարությունն արտացոլում է նրա վարչակազմի նվիրվածությունը մարդու իրավունքներին, ինչը նրա արտաքին քաղաքականության հիմքում է: Նշվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով բազմիցս հերքել է, որ տեղի ունեցածըը ցեղասպանություն է, ակտիվորեն լոբբինգ է իրականացրել հայտարարությունը կանխելու համար ՝ շաբաթ օրը տարելիցին ընդառաջ կազմակերպելով համաժողով և լրատվամիջոցների արշավներ:

Ըստ NYT-ի, ուրբաթ օրը կայացած հեռախոսազանգի ժամանակ Բայդենը կոպիտ ու կտրուկ ասել է Էրդողանին, որ ինքը կոտորածը կհայտարարի որպես ցեղասպանության գործողություն: Այս մասին լրատվականին հայտնել է քննարկմանը ծանոթ պաշտոնյա:

Ըստ լրատվականի, շատերը կարծում են, որ Էրդողանը կօգտվի այս հայտարարությունից, մի մասն էլ գտնում, որ նա, ամենայն հավանականությամբ, զգույշ կլինի Միացյալ Նահանգների հետ:

«Երկրների միջև հարաբերությունները հասել են վերջին տասնամյակների ամենացածր կետին, քանի որ Էրդողանը գնալով ագրեսիվ է դարձել Վաշինգտոնի հետ իր գործերում, հատկապես 2016-ի ձախողված հեղաշրջումից հետո:

Լարվածությունն աճել է Թուրքիայի՝ Ռուսաստանից հրթիռային համակարգեր գնելու վերաբերյալ 2017 թվականի գործարքից հետո, ինչի պատճառով Թրամփի վարչակազմը դեկտեմբերին պատժամիջոցներ էր կիրառել Թուրքիայի դեմ: Սիրիան նույնպես թեժ տարաձայնությունների կետերից է: Էրդողանը սուր քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների զինված ուժերի աջակցությունը Սիրիայում քրդական ուժերին, որոնք կապված են մի խմբի հետ, որը տասնամյակներ շարունակ ապստամբում է Թուրքիայի դեմ, և այնտեղ գործողությունները լրացուցիչ փորձություն են Ատլանտյան դաշինքի համար»,-նշել է NYT-ը:

Իրադարձություններին և հայտարարությանն անդրադառնալով, CNN-ն էլ գրել է, որ նախագահներ Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը երկուսն էլ խուսափում էին օգտագործել ցեղասպանություն բառը `«Անկարայի արձագանքից խուսափելով»:

«Բայց Բայդենը որոշել է, որ Թուրքիայի և Էրդողանի հետ հարաբերությունները, որոնք, միեւնույն է, վատթարացել են վերջին մի քանի տարիների ընթացքում, չպետք է խոչընդոտեն ավելի քան մեկ դար առաջ հայերի հետ տեղի ունեցածը հաստատող տերմինի օգտագործմանը և մարդու իրավունքների հավատարմությանը»,-նշված է հրապարակման մեջ: Լրատվականը նաև նշել է, որ այս ամենը ոչ մի նոր իրավական հետևանք չի բերի Թուրքիայի համար, բայց դիվանագիտական հետևանքներ հնարավոր են:

ԱՄՆ-ի նախագահի հայտարարությանն անդրադարձել են տասնյակ այլ հեղինակավոր լրատվականներ ևս: Հիշեցնենք, Էրդողանն ու Բայդենն անձամբ հանդիպելու են հունիսի կեսերին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Հիշեցնենք նաև, որ մի քանի օր փակ են լինելու Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանատունն ու հյուպատոսությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

armtimes.com

(Visited 99 times, 1 visits today)