Բայց հաղթելու է նախագահ Քոչարյանի թիմը. Արա Վարդանյան

Ես ամենևին էլ մտավախություն չունեմ, որ ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության կողմից ստեղծվելիք դաշինքը միտված է մինչ այժմ ընդդիմության առաջնորդ համարվող Ռոբերտ Քոչարյանի ձայների փոշիացմանը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Վարդանյանն՝ ընդգծելով, որ այդ առումով ընդդիմադիր դաշտում դաշինքները արդեն ձևավորվում են։

«Մեկ դաշինքի մասին երեկ հայտարարվեց, նախագահ Քոչարյանի շուրջ ձևավորված դաշինքի մասին, կարծում եմ, շուտով կհայտարարվի։ Պետք է հասկանալ, որ ընտրազանգվածը միաբևեռ չէ և մարդիկ պետք է ունենան հնարավորություն ընտրելու։

Այդ առումով, կարծում եմ, որ ողջունելի է, որ մեկ բևեռ չի լինելու ընդդիմությունը այլ երկու բևեռ է ներկայացված լինելու։ Ամեն դեպքերում՝ կարծում եմ, այս ընտրություններում հաղթելու հնարավորություն ունի հենց նախագահ Քոչարյանի թիմը»։

Վարդանյանը տեղեկացրեց, որ ինքը նույնպես Ռոբերտ Քոչարյանի թիմում է, թեև ամենայն հավանականությամբ՝ նախընտրական ցուցակում նրան թերևս չենք տեսնի։

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն նախորդ ընտրություններին չհաջողեց հաղթահարել 5 տոկոսի շեմը, հիմա ինչ արդյունք կարելի է ակնկալել՝ նա պատասխանեց, որ ինչպես ՀՀԿ թիմը, այնպես էլ ինքը կարծում է, որ 2018 թ-ի ընտրություններին եղել են բավական լուրջ կեղծիքներ, ինչի արդյունքում ՀՀԿ-ն չի հայտնվել խորհրդարանում, սակայն այդ ամենը կկարողանանք պարզել և քրեաիրավական գնահատական տալ՝ միայն իշխանափոխությունից հետո։

«Ի վերջո, հիմա պետք է հասկանալ, որ խոսքը չի գնում որևէ ուժի վերադարձի մասին, խոսքը գնում է հայրենիքի փրկության մասին և գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն, լինելով ամենակայացած կուսակցություններից մեկը, պետք է ունենա իր ուրույն դերը՝ իր կադրային, մասնագիտական թիմով»։

Անդրադառնալով Քոչարյանի թիմում հայտնված նախկին ՀՀԿ-ականների և ՀՀԿ-ի ներկա թիմի միջև հնարավոր դեբատների, բանավեճերի հնարավորությանը՝ նա նշեց, որ համոզված է, որ քաղաքական բոլոր դեբատները գալիք ընտրությունների ընթացքում՝ պետք է ուղղված լինեն, ոչ թե անցյալի քննարկմանը, այլ ապագային։

«Չեմ կարծում, որ ճիշտ է ընդհանրապես անցյալի մասին խոսելը։ Անցյալի մասին խոսելիս՝ պետք է խոսել միայն կապիտուլիանտի մասին, քանի որ նրա անցյալը ոչ վաղ անցյալ է և այդ անցյալը 5000 երեխաների արյուն է։ Այ, դրա մասին կարելի է խոսել։ Բայց բանավեճեր ՀՀԿ-ի և նախագահ Քոչարյանի թիմի ներկայացուցիչների միջև, ես չեմ պատկերացնում։

Հո չեն բանավիճելու անցյալի մասին, հիմա խոսքը գնում է երկիրը փրկելու մասին։ Դրա համար բանավեճը պետք է լինի կառուցողական և ապագային վերաբերող։ Թե ինչ փոփոխություններ է տեսնում այս կամ այն թիմը, օրինակ, տնտեսության զարգացման, Արցախի ապագա կարգավիճակի հարցում»։

(Visited 173 times, 1 visits today)