Զինված «ռազբորկա»` Երևանում. Հիվանդանոց տեղափոխվածների մեջ են եղել 2 թաղապետ

shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 1-ին, մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ՝ դանակահարված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ներսես Մխիթարյանը, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Բալդրյանը։

Ըստ տեղեկությունների՝ վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերը։ Ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել է ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

(Visited 2 883 times, 1 visits today)