Հարց, որի պատասխանը… Ի՞նչ ակնկալիքով և նոր նպատակով է գալիս Լավրովը

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան հայտարարել է, որ իր ղեկավար Լավրովը մայիսի 5-6-ին կայցելի Երևան, իսկ մայիսի 10-11-ին՝ Բաքու:

Քննարկվելու են իհարկե երկկողմ և ռեգիոնալ հարցեր, մասնավորապես նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարման ընթացքը, ինչպես այդօրինակ առիթներով հայտարարվում է մշտապես:

Միաժամանակ, հայտնի է նաև, որ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը քայլեր է անում Իրանի հետ հարաբերությունը կարգավորման ուղի վերադարձնելու համար, ինչն իր հերթին էական ազդեցություն է թողնելու կովկասյան իրավիճակի վրա:

Ինչպիսին է լինելու սակայն ՌԴ արտգործնախարարի Երևան և Բաքու այդ մոտ այցերի իրական օրակարգը և որն է լինելու իրական մոտիվն ու բովանդակությունը, հարց է, որի պատասխանը թերևս քողարկվում է պաշտոնական հաղորդագրությունների արարողակարգային ձևակերպումներում:

Մինչդեռ Լավրովի այցի մասին հայտարարվում է բավականին հատկանշական ժամանակահատվածում: Հատկանշական է, որ այցի մասին հայտարարվում է ապրիլի 24-ից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց հայերի ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այդ իրողությունը դնում է հիմնավորապես նոր շրջափուլի մեկնարկ, նոր տրամաբանության դաշտ բացելով թե ամերիկա-թուրքական, թե ամերիկա-հայկական, թե ամերիկա-ռուսական և թե ռուս-թուրքական հարաբերությունների համար:

Բայդենի որոշումը միարժեք ողջունեց Ֆրանսիան և հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար ԱՄՆ նախագահին շնորհակալություն հայտնած Ֆրանսիայի նախագահը դրանից հետո հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահի հետ:

Այյդ առիթով տարածվեց տեղեկություն, որ Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են Արցախի հարցում առաջիկայում անել նախաձեռնություններ և հայտարարել դրանց մասին: Թեև այդ տեղեկությունը պաշտոնական հաղորդագրություններում չէր, այդուհանդերձ մեդիայում հայտնված լուրը պաշտոնապես չհերքվեց: Դրանից հետո հայտարարվում է Երևան և հետո Բաքու Լավրովի այցի մասին:

(Visited 86 times, 1 visits today)