Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին նորից ամբողջ մեղքը բարդել է ընդդիմության վրա` որոշ մարդկանց մեղադրելով, իբրև թե նրանք նպաստում են ադրբեջանական քարոզչությանը, և որ Ադրբեջանը Հայաստանում ունի դաշնակիցներ:

Նա այնուհետև անդրադարձավ Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթին`ասելով, թե այդ թղթի 90 տոկոսը ծածկված է և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ:

Եվ դրա վերաբերյալ Փաշինյանի քաղաքական գնահատականն այն է որ այդ մարդիկ Ադրբեջանի տեղեկատվական գործակալներ են: «Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը նրանք որտեղից են ստանում:

Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետեւ եռակողմ խոսակցություն է գնում Հայաստան, Ռուսաստան և Ադրբեջան»,-ասաց նա`չհերքելով,որ նման փաստաթուղթ, փաստորեն, կա:

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։

 

Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։

Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հայտարարեց նա։

(Visited 59 times, 1 visits today)