Հայաստանի պետության շենքը կառուցելիս ցեմենտն ու արմատուրան գողացել են, արդյունքում շենքը չդիմացավ այս ցնցմանը. Փաշինյան

Մեզ մեղադրում են այն ամենի մեջ, որում կարելի է մեղադրել որեւէ անձի կամ որեւէ կառավարության, այդ թվում, որ սատանայի հետեւորդներ ենք:

Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Աջափնյակ վարչական շրջանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Այդ մեղադրանքների ճնշող մեծամասնության մեջ մենք մեղավոր չենք: Մենք բոլորս ամաչելու որեւէ բան չունենք: Այն փորձությունը, այն պատերազմը, որի միջով անցանք, այդ պատերազմից, ըստ էության, հնարավոր չէր խուսափել: Էականը ոչ թե պատերազմն է, այլ պատերազմի արդյունքում առաջացած փլուզումներն են:

Դա մի երկրաշարժ էր, որ շատ բաներ փլուզեց: Բայց երբ երկրաշարժ է լինում ու շենք է փլվում, ժողովուրդն ասում է՝ ցեմենտը կերել էին, արմատուրան լավ չէին դրել: Այս դեպքում էլ նույնը կարող ենք ասել: Ես չեմ ուզում, որ հիմա մեզ ասեն՝ էլի նախկիններին եք մեղադրում: Ոչ թե նախկիններին ենք մեղադրում, այլ նրանք են մեզ մեղադրում, հետեւաբար, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա:

Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ձեւակերպում է, որ Ղարաբաղի հարցով սա էր վիճակը, նա էր վիճակը, բայց չի ձեւակերպում, թե ի վերջո, Ղարաբաղի հարցի կարգավորման իր պատկերացումն այսօր ո՞րն է: Իսկ պետք է ասի, որ իր պատկերացումը հետեւյալն է, որ մենք պետք է Ղարաբաղը տանք ամբողջությամբ Ադրբեջանին եւ դրանով թեման համարենք փակված:

(Visited 31 times, 1 visits today)