Ալիեւի հուսահատ հիստերիան… Հայաստանի ճակատագիրը Փաշինյանի ճակատագրին նույնանալու պայմանը

Կամ՝ կամ, այս ընտրության առջեւ է կանգնած վարչապետի պաշտոնակատարը: Նա կամ կատարում է Ռուսաստանի պահանջները եւ ոչնչանում հանրային կարծիքի մեջ, կամ հայտնվում է ռուսական եւ տեղական ռուսանպաստ պրոպագանդայի մամլիչի տակ: Դա լավագույն դեպքում: Կան, սակայն, կարեւոր մանրամասներ եւ դրությունը շտկելու հնարավորություններ

Եթե նկատի առնենք ախոյանի անձը՝ զուրկ ինքնուրույն գործելու թե՛ ունակությունից, թե՛ փորձից, ապա Փաշինյանի դիլեմայից Հայաստանի վիճակը էլ ավելի է ծանրանում: Իրավիճակը շահեկան է Կրեմլի համար նրանով, որ ցանկացած ելքի պարագային նոր վարչապետը զուրկ է լինելու որեւէ լեգիտիմությունից, այս բառի իրական՝ լայն ժողովրդականության իմաստով:

Մամլիչը մամլիչ, բայց Փաշինյանի թիկունքում է ադմինիստրատիվ ռեսուրսը: Խոսքը ամենեւին ընտրական մեխանիզմների տիրապետության մասին չէ: Դա կարող է չբավարարել: Գործադիր ղեկավարները, ի տարբերություն հավակնորդների, ունեն հաղթական իրական պաշար: Դա հանուն պետության ռազմավարական որոշումներ կայացնելու առանձնաշնորհն է:

Ստեղծված իրավիճակում այդ որոշումը պիտի առավելագույնս ծանրակշիռ լինի եւ առնչված չլինի ժխտողական գործողությունների հետ, օրինակ, ՀԱՊԿ եւ նույնիսկ ԱՊՀ շարքերը լքելուն: Հանելուկ չէ, որ այդ որոշումը Արցախի պետական ինքնուրույնության ճանաչումն է սահմանադրական տարածքի վրա: 2020 նոյեմբերի 9-ի Եռակողմի դրույթների ռուս-թուրքական խախտումների գինը դա է:

Թե միջազգային ինչ նախադրյալներ կան նման որոշման համար՝ բոլորից լավ գիտե ինքը՝ Փաշինյանը: Բարդություններն էլ նրան հայտնի են: Խնդրի արդեն պառլամենտական քննարկումները շուռ կտան շախմատային տախտակը եւ կստիպեն թշնամական տանդեմին կատարել սխալը սխալի վրա:

Սանձերը արձակած Ալիեւի սաստկացող հակահայ հիստերիան պայմանավորված է հենց այդ հեռանկարով: Նույն հեռանկարով է պայմանավորված ՌԴ պաշտոնյաների կողմից քայլերի շարունակական կրկնությունը: Քայլերը սպառված են դեռ 2020 աշնանը:

Հայ հանրային տրամադրության համար նույնպես կաթվածից արթնանալու պահ է լինելու: Ինքնըստինքյան հասկանալի է, որ գործադիրի ղեկավարը միայնակ չպիտի մնա, նույնիսկ ֆիզիկական իմաստով:

Փաշինյանի ցանկացած այլ քայլ տանելու է ակնարկի ներածականում նկարագրածին: Բնականաբար, նոյեմբեր 9-ին տեղի ունեցածից հետո պարոն Փաշինյանի անձնական ճակատագիրը ամենաքիչն է, որ հուզում է մեզ: Խնդիրը Հայաստանն է: Երկրի եւ ղեկավարի ճակատագրերը նույնանալու հնարավորություն ունեն: Չուզողը մենք լինենք:

Lragir.am

(Visited 20 times, 1 visits today)