ՈՒշագրավ. 1 շաբաթում Քոչարյանն անցավ Փաշինյանին․ GALLUP

«Պասերով, պասերով» անվանմամբ է կոչել «Գելափ ինթերնեյշնլ»-ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը անցնող շաբաթվա քարոզարշավի ուսումնասիրությունները, քանի որ, նրա խոսքով, այն շատ ինտերակտիվ էր և մեկ թիմի, օրինակ, Գավառում անցկացվող հանրահավաքի ժամանակ հնչեցված միտքը երկու ժամ հետո Սյունիքում իրականացվող հանրահավաքին անդրադարձվում էր այլ թիմի կողմից։

 

Նրանց հարցումներին մասնակիցների 61․7%-ը երկրի ներքաղաքական իրավիճակը գնահատել է շատ լարված, ներկայացրեց տնօրենը, ավելի շուտ՝ լարված նշել է 26․6%-ը։ Միայն 3․5%-ն է կարծում, որ երկրում ներքաղաքական վիճակը միանշանակ լարված չէ։

Տարբեր գործիչների աշխատանքը 1-5 բալային կարգով գնահատման մեջ ամենաբարձր դրական արդյունքը, ինչպես նախկին նմանատիպ հարցումներում, ստացել է ՄԻՊ Արման Թաթոյանն ու նա միակն է, որ դրական տիրույթում է գնահատական ստացել։

«2․5 բալ ստացել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է 2․3 բալ ինչպես և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2․1 բալ է ստացել, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը 1․8 բալ։ Ամենացածր գնահատականը ստացել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը», — ասաց Արամ Նավասարդյանը։

Հարցվածների կեսից ավելին վստահաբար մասնակցելու է առաջիկա արտահերթ ընտրություններին, ցուցանիշը 53․9%-է։ Ընտրություններին միանշանակ չմասնակցելու դիրքորոշում է հայտնել հարցվածների 22․7%-ը։

Իհարկե, բոլորին հետաքրքրող և ինտրիգային ցուցանիշը վերաբերում է մարդկանց դիրքորոշմանը՝ կապված որևէ դաշինքի կամ կուսակցության օգտին քվեարկելուն։ Հարցմանը՝ եթե այս կիրակի կայանան ընտրությունները, մարդիկ ո՞ր դաշինքին կամ կուսակցությանը կքվեարկեն, հարցվածների 24․1%-ը նախապատվությունը տվել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ «Քաղաքացիական պայմանագիրը» մեծ տարբերությամբ չի զիջում, այն ունի 23․8% ցուցանիշ։

«Նախորդ մեկ շաբաթվա համեմատությամբ «Հայաստան» դաշինքի ցուցանիշը աճել է 3․5%-ով, «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցությունն էլ իր նախորդ արդյունքը ավելացրել է 1․4%-ով», — ասաց Արամ Նավասարդյանը։

«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կքվեարկեին հարցվածների 7․4%-ը, ԲՀԿ-ին՝ 3․7%-ը, իսկ «Լուսավոր Հայաստանին» նախապատվությունը տվել է հարցվածների 3․1%-ը։

Արման Նավասարդյանը հայտնեց, որ իրականացրել են հեռախոսային հարցումներ, որին մասնակցել է 1103 անձ։ Հարցումներն իրականացվել են հունիսի 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։

(Visited 30 times, 1 visits today)