Այսինքն՝ վստա՞հ եք, որ զինվորականներին չեն ուղղորդել

Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք զգում Ձեզ ընտրություններից հետո․ այսպես սկսեցինք զրույցը ՀՀ ԶՈՒ նախկին ԳՇ պետ եւ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի հետ։ «Վատ»,-կարճ պատասխանեց պարոն Հակոբյանը, ով եւս հույսեր ուներ, որ այս ընտրություններով գոնե Արցախը թուրքին հանձնած Փաշինյանը վերջապես կհեռանա իշխանությունից։

Նրա համար սպասելի չէր ընտրությունների նման արդյունքը։

— Իսկ վերլուծե՞լ եք, ինչպե՞ս ստացվեց, որ ժողովուրդը նորից ձայն տվեց։

— Ես քաղաքական գործիչ չեմ, չգիտեմ։

— Ասում են՝ բանակն էլ է քվեարկել նրա օգտին, զինվորականները, սահմանապահները։

— Չեմ կարող ասել, քվեարկությունը գաղտնի է, դրանք բոլորը ենթադրություններ են։

— Մարդիկ հիշում են, որ նախկինում էլ է բանակը քվեարկել իշխանությունների օգտին, զինվորներին միայն թիվ 3-ի քվեաթերթիկներն են տվել, որ գցեն արկղը։

— Ո՛չ նախկինում է այդպես եղել, ո՛չ էլ հիմա է այդպես եղել։ Մի՛ վիրավորեք զինվորականներին։

— Այսինքն՝ վստա՞հ եք, որ զինվորականներին չեն ուղղորդել։

— Ես բոլոր դեպքերում, 8 տարի 2 համապետական ընտրություններ եմ կազմակերպել, երբեւիցե որեւէ մեկին չեմ պարտադրել՝ գնալ ձայն տալ որեւէ ուժի։

— Դուք չեք պարտադրել, գուցե Ձեր գործընկերներն են պարտադրել կամ նախարարը։

— Նախարարն իմ միջոցով պիտի աներ, չէր կարող առանց ինձ անել։

— Լավ, ի՞նչ է սպասվում մեզ հիմա, ընդդիմադիր ուժերն անցան ԱԺ, գնալու են հինգ տարի խորհրդարանում պայքարեն։

— Եվ շատ ճիշտ են անելու։

— Ինչո՞ւ։

— Որովհետեւ ընտրության արդյունքը դա է, եւ պիտի հաշտվես այդ ընտրության հետ։ Պիտի ընդունես քո սխալները, թե ինչի համար քեզ ձայն չեն տվել, հետեւություններ անես եւ գնաս քո պայքարը շարունակես։

— Բայց ասում են, որ մենք չենք հաշտվելու Նիկոլ Փաշինյանի գոյության հետ։

— Ճիշտ են անում, թող չհաշտվեն։ Չհաշտվելը չի նշանակում հանձնվել։ Դրա համար պիտի պայքարես։ Ոչ մեկը սկուտեղի վրա քեզ չի բերելու այդ հաղթանակը պարգեւի։

— Այսինքն՝ սկզբում 7 ամիս պայքարեցին՝ ոչինչ չստացվեց, հետո որոշեցին ընտրություններով պայքարել, հիմա էլ եւս 5 տարի են պայքարելու։

— Ուրեմն վատ են պայքարել, ուրեմն լավ պիտի պայքարեն։

— Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ընդդիմությունը՝ սխա՞լ։

— Չեմ կարող մի մարդու ճիշտ համարել, որը մեր երկիրը հանձնել է հակառակորդին։

— Այդ դեպքում ինչո՞ւ են այդ մարդիկ, որոնք եւս այդպես են կարծում, մաս կազմում մի խորհրդարանի, որտեղ մեծամասնությունը Արցախը թուրքին հանձնած մարդու կուսակցությունն է։

— Այնպիսի մարդու, որը երկիրը հանձնել է, ցավոք, մեր երկրում նրա համակիրները շատ են։

— Իսկ իրենք՝ Քոչարյանը, Վանեցյանը, մյուսները, այդքանը չէի՞ն պատկերացնում։

— Դու պատկերացնո՞ւմ ես, քեզ հարց եմ տալիս, որ մեր երկրում այդպիսի մարդիկ շատ կլինեին։
Իմացիր՝ ամեն ազգի մեջ սերուցքը քիչ է լինում։ Էդ սերուցքն ուղղակի ճիշտ տեղում ճիշտ ժամանակին ճիշտ աշխատանք պիտի տանի, որ էն մնացած թանը բերի իր մոտ։

— Իսկ չե՞ք կարծում, որ սխալը նոյեմբերի 9-ի գիշերը այս հարցը չլուծելու մեջ էր։

— Ոչ, ես կողմ չեմ այդպիսի իշխանափոխության, դա մեր երկիրը 50 տարի հետ կտանի։ Մենք սովոր ենք ամեն առավոտ արթնանանք եւ ինչ-որ լավ բան ունենանք։ Որպեսզի լավ բան ունենանք, պետք է տարիներով քրտնես, աշխատես։

Էդպես չի ստացվում՝ մի օրում լավ բան ունենալ։ Այ, անցած իշխանությանը որ չեն սիրում, իրենք որոշել են, որ մի օրում կարող են բանակը սարքել։ Նախկինները վատն են եղել, մերոնք բանակը սարքել են։ Մի օրում կարողանում ես քանդել, բայց սարքելու համար տասնյակ տարիներ են պետք։

— Հիմա ձեր՝ տարիներով սարքածը մարդիկ մեկ օրում քանդեցին եւ 5 տարի էլի քանդելու են։

— Ժողովուրդը չկարողացավ գնալ դժվարության։ Բոլոր ժողովուրդներն ինչ-որ ժամանակ տառապանք են կրում, որպեսզի երկիր սարքեն, մեր ժողովուրդը դրան ունակ չէ, մեր ժողովուրդն ուզում է հենց վաղը լավ ապրել, դրա համար եւ անընդհատ վատ է ապրելու։

 

(Visited 66 times, 1 visits today)