Մենք ասել ենք, եթե ունենանք իշխանություն, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին. Վանեցյան

Մենք ասել ենք, որ եթե ունենանք իշխանություն, կարողանանք հանդես գալ պետության կողմից, պետության լծակները օգտագործել, ապա այո, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին:

Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր հայտնի հայտարարությանը, թե կարող է 3 օրում վերադարձնել բոլոր գերիներին:

«Ես ասել եմ, որ իշխանության գալու դեպքում մեր առաջնային հարցերը լինելու են երկուսը. Մեր անվտանգային համակարգի արագ վերականգնում եւ սահմանների պահպանության ապահովում, եւ երկրորդը՝ գերիների վերադարձի հարցի լուծում:

Իմ հայտնի հայտարարությունից հետո եղել են շահարկումներ, ասել են՝ եթե կարող ես գերիների հարցը լուծել երեք օրում, ինչու չես լուծում:

Բայց մենք ասել ենք, որ եթե ունենանք իշխանություն, կարողանանք հանդես գալ պետության կողմից, պետության լծակները օգտագործել, ապա այո, մենք ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին:

Դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ՝ ականապատ քարտեզների փոխանակման պայմանով:

Հիմա եթե կարող էին այդ քարտեզները տային Ադրբեջանին եւ վերադարձնել գերիներին, ինչու դա չեն արել 6 ամիս առաջ: Ընդ որում ռուսական կողմից եղավ հայտարարություն մամուլում, որ երբ Մուրադովն ուզել է այդ քարտեզները, հայկական զինված ուժերը ասել են, որ բնության մեջ այդպիսի քարտեզներ գոյություն չունեն:

Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզների դիմաց կարող է վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր գերիներին»,-ասաց նա:

(Visited 41 times, 1 visits today)