ՈՒշագրավ. Մոսկվան մեկ օր էլ չհամբերեց. Ինչ է ծրագրել Ռուսաստանը Խոզնավար-Սոթք գծով

ԱԺ ընտրության քվեարկության հաջորդ օրը Գեղարքունիքի մարզում ռուսական զորքի տեղակայման մասին հայտարարեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ու Հայաստանի «կուրատոր», ՌԴ դեսպան Կոպիրկինը:

Հայաստանի բանակը հետ է քաշվելու իր բնագծերից, Բաքվի զորքը մնալու է իր տեղում, ռուսները տեղակայվելու են ըստ իրենց հարմար դիրքերի: Համենայնդեպս, նման եզրահանգման կարելի է գալ գլխավոր շտաբի պետի հայտարարություններից:

Նիկոլ Փաշինյանի հռչակած «Ռուսաստանի հետ անվտանգության նոր համակարգը» եւ Խոզնավարից Սոթք ռուսական զորքի տեղակայումը Հայաստանի մասնատման ու ինքնիշխանությունից զրկելու Լավրովյան պլանի ընդլայնված կիրառումն է Հայաստանի տարածքում: Պետք է հասկանալ, որ «հայ-ադրբեջանական սահման», «Հայաստանի ու Ադրբեջանի տարածք» հասկացությունները խիստ պայմանական են Ռուսաստանի ծրագրերում:

Ի՞նչ է անում Ռուսաստանը

Այս խնդրին Լրագիրը բազմիցս անդրադարձել է, հակիրճ ձեւակերպմամբ՝ Ռուսաստանը Հայաստանում ձեւավորում է իր ռազմական ներկայության ճակատային գիծը Սյունիք-Գեղարքունիք, Բերձոր-Շուշի գծերով: Դա ռուս-թուրքական նոր «սահմանն է», Հայաստանի տարածքում Ռուսաստանի 200-ամյա քաղաքականության հերթական եւ հնարավոր է վերջին «հանգրվանը»:

1916 թ. Վանից սկսած՝ Ռուսաստանի աշխարհքաղաքական նահանջը տեղի է ունենում Հայաստանի տարածքները թուրքերին հանձնելով, հայերի ցեղասպանությամբ ու հայրենազրկմամբ: Պատկերավոր ասած՝ Ռուսաստանի նահանջին զուգահեռ տեղաշարժվում է ռուս-թուրքական սահմանը, որը վերջին անգամ գծվել է 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով:

Ռուսաստանը հայերի արյան ու հողի հաշվին ապահովում է իր համեմատաբար սահուն նահանջը տարածաշրջանից: Ներկայում 1921 թ. սահմանը «տեղափոխվում է» Սյունիք-Գեղարքունիք գիծ: Սա հնարավոր չէր լինի առանց Արցախում «ռուս-թուրքական բարդ օպերացիայի», ինչպես խոստովանել է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսական զորքի ներկայությունն Արցախում ապահովվել է Արցախը Հայաստանից կտրելու, բանակը ենթարկելու եւ Արցախի կարգավիճակը ոչնչացնելու դիմաց: Ռուս-թուրքական կենտրոնը Ակնայում կոչված է զսպելու հայկական հնարավոր նախաձեռնությունները ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանի այլ տարածքներում, մասնավորապես՝ Խոզնավար-Սոթք գծով:

Իսկ այս գծով ռուսական զորքի տեղակայման համար կիրառվեց ռուս-թուրքական զինանոցի ավանդական հնարքը՝ Բաքվի ներխուժումները, որոնք ճշգրիտ համընկնում են ռուսական զորքի տեղակայման նախատեսված գծին:

Ինչ է անում Հայաստանը

Մոսկվային անհրաժեշտ է այս պլանների լեգիտիմացում, որը համառորեն մերժվում է շրջանի խոշոր դերակատարների՝ Արեւմուտքի, Իրանի կողմից: Մոսկվան փորձում է պարտադրել Հայաստանին «դեմարկացիոն ու խաղաղության մեծ պայմանագրեր», կիրառելով անկանոն պատերազմի բոլոր տարրերը: Դրան էր միտված նաեւ մոսկովյան մտահղացմամբ ու հնարավոր է քվոտավորված նոր խորհրդարանի կազմավորումը, որը պետք է վավերացնի այդ պայմանագրերը: Չափավոր ռուսական ու ամբողջությամբ ռուսական ուժերից կազմված խորհրդարանում այս վերջինները պետք է «չագուչի» դեր խաղան իշխող մեծամասնության գլխին՝ ռուսական գծից չշեղվելու համար:

Ռուսաստանը հայերի արյան ու հողի հաշվին ապահովում է իր համեմատաբար սահուն նահանջը տարածաշրջանից

Համաձա՞յն են այս դերակատարությանը խորհրդարան անցած ուժերը, որոնք, չնայած Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի՝ Արցախի կարգավիճակի ու Հայաստանի ինքնիշխանության մասին երբեմն-երբեմն արվող հայտարարություններին, ընդհանուր առմամբ հավատարմություն են հայտնել եռակողմ փաթեթին ու Ռուսաստանի անայլընտրանքությանը: Քոչարյանի թիմն ընդհանրապես չի խոսում այդ թեմաներից, իսկ «Սյունյաց կուսակցության» հանգամանքը Սյունիքի մարզի օտարման ռուսական ծրագրի համատեքստում տեղավորվում է քաղաքական ծանոթ հնարքի տրամաբանության մեջ:

Նոյեմբերի 9-ը կապիտուլյացիա չէր, ինչպես փորձում են ներկայացնել Մոսկվան, Բաքուն եւ Հայաստանի ռուսանպաստ ընդդիմությունը: Կապիտուլյացիան վերը նկարագրված ծրագրին համաձայնելն է: Մոսկվայի ու բաքվի շտապողականությունը վկայում է նրանց ներքին ու արտաքին լուրջ խնդիրների մասին, իսկ շրջանի խոշոր դերակատարների աջակցությունն ու ռուս-թուրքական տանդեմի կողմից եռակողմի դրույթների խախտումը մեծ հնարավորություններ են ստեղծում դիմադրության համար:

Խորհրդարան անցած երեք ուժերը հավասար պատասխանատվություն են կրում հետագա զարգացումների համար: Այս անցած ամիսների քարոզչական ողորմելի թեզերը, ռուսական կոյուղատարներից նետված «արտահոսքերը», ողբն ու կականը այլեւս արդարացում չեն:

(Visited 160 times, 1 visits today)