50 մլն դրամ գրավ Չարչյանի կալանավորումը վերացնելու համար. Մանրամասներ

Երեկ դատարանի որոշմամբ կալանավորման ենթարկված ու դատարանի դահլիճից «Շենգավիթի» ԲԿ տեղափոխված «Իզմիրլյան» ԲԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց պրոֆեսորի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա նշեց, որ Արմեն Չարչյանն այս պահի դրությամբ լարված և ճնշված վիճակում է․ «Գիտակցությունը տեղն է, բայց քանի որ շուրջ 20 տարի ունի շաքարային դիաբետ ու նաև վերջերս տարել էր ծանր վիրահատություն՝ պարբերաբար բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Նա ունի առողջական վիճակի խիստ բացասական զարգացում, ինչը կարող է հանգեցնել բացասական հետևանքների»,- ասաց Ալեքսանյանը։

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և խնդրել վերացնել կալանավորումն ու խափանման միջոց ընտրել գրավը․

«Գրավի համար բավականին մեծ գումար ենք առաջարկել` 50 մլն ՀՀ դրամ, սակայն դատախազից դեռ պատասխան չենք ստացել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ օրենքը նման դեպքերի համար 5-օրյա ժամկետ է նախատեսում, բայց այժմ խոսքը անհետաձգելի որոշման մասին է։

Փաստաբանը հայտնեց նաև, որ այսօր Վերաքննիչ դատարան են դիմելու կալանքի որոշումը վերանայելու համար։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակված ձայնագրությունում «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանն «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ասում էր, որ ընտրություններին չմասնակցելու դեպքում կոշտ վերաբերմունքի կարժանանան։

Նույն օրը հայտնի դարձավ, որ նա ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առնչությամբ։

Այնուհետև Չարչյանն ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան, սակայն հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց, որից հետո պրոֆեսորին տեղափոխեցին հիվանդանոց։

(Visited 277 times, 1 visits today)