Դիտեք ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին և ամեն ինչ պարզ կլինի

Երբ 2008 թ. Արթուր Բաղդասարյանը համաձայնեց ստանձնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և իշխանությանը բռնությունների հնարավորություն տվեց, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացավ, որ այլևս նրա անունը չի տալու, ասելու է պարզապես ԱԽՔ: Կարծում ենք՝ բառի զուգորդումը բոլորի համար պարզ է:

Ցավոք, այսօր էլ է ԱԽՔ-ը ախք: Բավական է՝ դիտեք ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 28-ի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, և ամեն ինչ պարզ կլինի: Ներկայացնենք ընդամենը երեք կարևոր դիտարկում, որպեսզի պատկերացնեք սույն պաշտոնյայի ինտելեկտի մակարդակը:

Եվ այսպես.

1. Ժամանակակից ԱԽՔ-ը՝ Արմեն Գրիգորյանը, պնդում է, որ ընտրությունները չեն կեղծվել: Հետո անդրադառնում է ընդդիմությանը և ասում, որ Հայաստանում նախկինները երբեք չեն վերադառնում, և դա աքսիոմ է: Աբսուրդն այն է, որ մեր երկրում 1998 թ. Կարեն Դեմիրճյանը չվերադարձավ, որովհետև ընտրությունները կեղծված էին, 2008 թ. Լևոն Տեր-Պետրոսյանը չի վերադարձել, որովհետև ընտրությունները կեղծված էին, որովհետև ՀՀ առաջին նախագահի վերադարձը կասեցրին նաև մարտի մեկով: Աքսիոմը սա՛ է:

Այսինքն՝ հարցազրույց տվող սույն բարձրաստիճան պաշտոնյան, որի գործունեության էական արդյունքը ցայսօր հեղափոխության մասին գրած գիրքն է, դպրոցում մաթեմատիկա լավ չի սովորել, որովհետև խոսքի տրամաբանականությունը խիստ է կաղում:

2. Պարոն ԱԽՔ-ը պնդում է, որ վենդետա չի լինելու, բայց կադրային ջարդ լինելու է: Մի կողմ թողնենք այն, որ հընթացս խոստովանում է, որ ջարդելու են ոչ հեղափոխականներին և ասենք, որ նա նաև հայոց լեզու լավ չի սովորել: Եթե գոնե բավարար սովորած լիներ, կիմանար, որ «ջարդ» բառը զուգորդվում է կոտորածի, ոչնչացման հակաօրինական գործողությունների հետ:

Հետևաբար կհասկանար, որ «կադրային ջարդը» որևէ աղերս չունի օրենքի հետ: Բացի դրանից՝ տեսնելով, թե ինչպես է տապալվել երկրի գոյության համար կարևորագույն ոլորտը՝ անվտանգությունը, պ. ԱԽՔ-ը ջարդը պետք է սկսի հենց իրենից: Թող վերցնի վարչապետի մուրճը և խփի…համապատասխան տեղը:

3. Երբ Պետրոս Ղազարյանը վերջապես հարցնում է անվտանգությունից, մեր ԱԽՔ-ը դողացող ձայնով փորձում է ինչ-որ հուսադրող բացատրություններ տալ, որոնք ակնհայտորեն դուր չեն գալիս անգամ հարցազրույցավարին: Հետո գտնում է փրկօղակը՝ պնդելով, որ մեր հարավային սահմաններին կանգնելու են ռուս սահմանապահները: Իսկ Արցախի հարցում լավատես է, որովհետև ռուսները 4,5 տարի հետո այնտեղից չեն գնա…

Ահա սա՛ է փաշինյանական իշխանության բովանդակությունը: Եվրոպամետ, նախկինում ռուսների դեմ անթաքույց պայքարող մարդիկ հիմա ապավինում են ռուսների ողորմածությանը: Բայց ախր հոգու խորքում հեչ չեն սիրում նրանց: Հոգու խորքի ճիչն էլ ապահովում են քույր կուսակցությունները: Շատ սկզբունքային պատկեր է…

Ամփոփենք՝ ցավոք, մենք ունենք անսկզբունք, ոչ պրոֆեսիոնալ, տրամաբանությունից և իրականությունից կտրված իշխանություն, որի դասական ներկայացուցիչն է ԱԽՔ-ը:

(Visited 91 times, 1 visits today)