Ի՞նչ կապ ունեն Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու «Բաղնիքի Արմանը» երեկ հնչած կրակոցների հետ. Մանրամասներ

Երեկ Երևանի կենտրոնում, Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպից ԼՈՒՐԵՐ.com-ին որոշակի մանրամասներ են հասել:

Պարզվում է՝ կրակոցների հետևանքով վիրավորված ԱՄՆ քաղաքացին և նրա հետ գտնվող երկու անձինք Երևանի կենտրոնում հետապնդել են Արեշի «Բաղնիքի Արման» մականունով հայտնի Արման Ապիյանի կնոջն ու դստերը, որից հետո «Բաղնիքի Արմանի» կինը զանգահարել է ամուսնուն և կանչել Ամիրյան փողոց:

Վերջինս արագ հասել է այնտեղ և այդ ընթացքում դեպքի վայր կանչել Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, որպեսզի միասին փորձեն հասկանալ, թե ովքե՞ր են և ի՞նչ են ուզում իր ընտանիքի անդամներից։ Կողմերի միջև առաջացած վեճի արդյունքում ԱՄՆ քաղաքացին դանակահարել է Արման Ապիյանին և հենց այդ պահին վրա է հասել Ռոբերտ Սուքիասյանը ու կրակել նրա ոտքին:

Նշենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:

Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիճաբանությունը տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա Հարութ Հաբգարյանի միջև:

(Visited 465 times, 1 visits today)