Լավ լուր. Տոկիո 2020․ Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր նվաճեց

Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս եկավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարի եզրափակիչ:

Հայաստանի առաջատար մարմնամարզիկը որակավորման փուլում վաստակեց 14.866 միավոր եւ երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Առաջին տեղով եզրափակիչի ուղեգիր նվաճած կորեացի Շին Ջեհվանը նույնպես հավաքեց 14.866 միավոր:

Առաջին ցատկի համար 28-ամյա Դավթյանը վաստակել էր 14.733 միավոր, իսկ երկրորդ ցատկի համար՝ 15.000: Եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները: Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Երևանի ժամանակով 13:45-ին:

Հուլիսի 24-ին Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաև նժույգ թափեր վարժության որակավորման փուլում, որտեղ գրանցել էր 9-րդ արդյունքը և չէր կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր: Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը հավաքել էր 14.566 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում:

(Visited 66 times, 1 visits today)