Քոչարյանը Վահե Հակոբյանին դուրս թողեց. Մանրամասներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի մանդատ ստացած պատգամավորների ցանկը։

Oգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավորական մանդատ:

Հայտնի է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։ Նրանց ԱԺ փոխնախագահի թեկնածուն ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է։ «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Այս դասավորվածությունից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու բոլոր պաշտոններից դուրս է թողել դաշինքի մաս կազմող Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան»-ին։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը պարզապես արժանին է մատուցում դաշինքի մաս կազմող քաղաքական ուժերին։ Բոլորին տալիս է ըստ իրենց ներկայիս կարգավիճակի ու մատուցած ծառայությունների։

«Քոչարյանը նրանց դիտարկում էր որպես լուզեռների և պարզապես ոչինչ չի տալիս դրա դիմաց։ Քոչարյանի տրամաբանությունը սա է՝ մարդիկ ձեզ ձայն չեն տվել, ինչո՞ւ ես պետք է ձեզ պաշտոն տամ»,- ասաց Մեհրաբյանը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չի համարում, որ Քոչարյանն այսպիսով պատժում է սյունյաց համայնքապետերից կազմված կուսակցությանը իրենց «հայրենիքում» կրած խայտառակ պարտության համար։

«Ես չեմ կարծում, որ խնդիրը Սյունիքի պարտությունն է։ Հարցն այն է, որ Վահե Հակոբյանի կուսակցությունը ստեղծվել էր այն պարզ նպատակով, որ Քոչարյանը միայն ՀՅԴ-ի հետ չգնա ընտրության, և լինի երկրորդ ուժ, որը ժողովրդի աչքում կհավասարակշռի ՀՅԴ-ի բավական լուրջ բացասական ռեյտինգը։

Այն բանից հետո, երբ այդ խնդիրը լուծվեց, և նրանք հայտնվեցին Ազգային ժողովում, այլևս կարիք չկա որևէ բան հավասարակշռելու։ Հիմա պետք է ընտրվեն այնպիսի մարդիկ, որոնց Քոչարյանը վստահում է և որոնց հետ ցանկանում է աշխատել։ Այս տրամաբանությամբ էլ անձինք ընտրվում են նշված կուսակցությունից դուրս»,- ասաց Ղևոնդյանը՝ հավելելով, որ մեծ հաշվով «Վերածնվող Հայաստան»-ը ստացել է այն, ինչի համար որ մտել էր գործընթացի մեջ։ Դրանք այն մանդատներն են, որոնք նրանք ստացել են։

«Կարծում եմ՝ «վերածնվող Հայաստան»-ի պատասխանատուները տեղյակ էին դրա մասին և ի սկզբանե էլ համաձայնել էին դրան»,- եզրափակեց Ղևոնդյանը։

 

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն առհասարակ չի համարում, որ արդեն կարևոր է, թե ով ում ինչի համար է պատժում։ «Հասարակությանն էլ այլևս չպետք է հետաքրքրի, թե նրանք մտել են պառլամենտ, ոչ էլ պետք է հետաքրքրի նրանց նշանակումները, և ոչ էլ հետաքրքրի, թե ով է ում քցել։

Այս հարցերը հասարակությանը վաղուց արդեն չեն հետաքրքրում։ Ես չեմ համարում, որ այդ ուժերը քաղաքական օրակարգ են ձևավորում։ Իրենք մաքսիմում կարող են ինչ-որ խժդժությունների փորձեր անել, վնասարարության փորձեր անել պետության հանդեպ։ Այդտեղ քաղաքական դեմք չկա։ Չեմ կարծում, որ ընտրակաշառքով, խախտումներով պառլամենտ խցկված ուժերը քաղաքական դեմքեր են»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

(Visited 146 times, 1 visits today)