Չե՞ս ուզում վճարովի թեստ հանձնել, գնա՛ անվճար պատվաստվիր

Քովիդ 19-ի դեպքերը մեր երկրում վերջին օրերին աճ են գրանցում։ Կտրուկ աճ՝ չէ, բայց որոշ չափով թվերի ավելացում նկատվում է։ Մասնագետները կանխատեսում են, որ աշնանը նոր ալիք կլինի։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս օրերի աճը պայմանավորում է նրանով, որ Քովիդ 19-ի նոր՝ «Դելտա» շտամի տարածելիությունը շատ ավելի բարձր է։ Նրան հիշեցրինք, որ ինքը մոտ մեկ ամիս առաջ եւս վեց ամսով երկարաձգեց Հայաստանում կարանտինը, բայց կարանտին այս պահին, որպես այդպիսին, չի գործում, այն սահմանափակումները, որոնք կան, ըստ էության, չեն կիրառվում՝ թղթի վրա են ընդամենը գործում։

Իսկ որո՞նք են այս պահին կարանտինով սահմանված սահմանափակումները։ «Կարանտինի պայմաններից է ՀՀ սահման մուտք գործելու ժամանակ ներկայացվող թեստավորման պահանջները, պատվաստման սերտիֆիկատը, բացի դրանից՝ մենք ներսում էլ որոշակի հիվանդանոցային ծառայությունների առումով հաճախելիությունը կարող ենք սահմանափակել, բացել, դա եւս շատ կարեւոր գործիք է, որպեսզի թույլ չտանք, որ վարակը մտնի հիվանդանոցներ։ Եվ, իհարկե, փակ տարածքներում դեռեւս պահպանվում է դիմակների կրման ռեժիմը»,- ասաց նախարարը։

— Բայց մենք չենք պահպանում՝ 99 տոկոսով, կարելի է ասել, փակ տարածքներում դիմակների կրման պահանջը չի պահպանվում։

— Այո, չի պահպանվում, ինչը շատ մտահոգիչ է, որովհետեւ խանութները, հանրային տրանսպորտն այն վայրերն են, որոնք իրարից լրիվ անկախ անձանց համար հանդիպման խաչմերուկներ են, եւ վարակի տարածման վտանգավորության առումով շատ մտահոգիչ է։

— Իսկ ի՞նչ է անում կառավարությունը դրա վերահսկողության առումով, ստացվում է՝ ձեւական բնույթ է կրում կարանտինը։

— Ձեւական բնույթ չի կրում, իհարկե, նորից եմ կրկնում՝ կարանտինն ունի սահմանափակումների գործիքակազմ, եւ այդ գործիքակազմը ժամանակի ընթացքում ճկուն կերպով փոխակերպվում է։ Իհարկե, տրանսպորտային միջոցներում, խանութներում խիստ ցանկալի է, որ մեր քաղաքացիները կրեն դիմակ։

— Մի բան էլ՝ ձեւականի մասով, որը նաեւ բիզնեսի միտում ունի։ Խոսքը Հայաստան ժամանելիս օդանավակայանում ՀՀ քաղաքացիների պարտադիր թեստավորմանն է վերաբերում։ Այն քաղաքացիները, որոնք հրաժարվում են, օրենքով՝ պետք է շտապօգնություն կանչեն եւ հոսպիտալացնեն նրանց, որտեղ արդեն անվճար կթեստավորվեն։ Կարո՞ղ եք ասել՝ այդ դեպքում իմաստը ո՞րն է՝ մարդկանց պարտադրել վճարովի թեստավորվել։

— Գիտե՞ք, իհարկե, ցավալի է, երբ որոշ քաղաքացիներ չարաշահում են տրված հնարավորություններն ու իրավունքները, բայց պետք է մի շտկում կատարեմ․ տեսեք, թեստը պարտադիր է, բայց եթե անձը պատվաստված է, կարող է եւ թեստը չհանձնել։ Այսինքն՝ քաղաքացիներին տրված է հնարավորություն, որ խուսափեն լրացուցիչ վճարումներ կատարելուց, պատվաստման միջոցով, որն անվճար է։ Կարող են պատվաստվել եւ այլեւս չթեստավորվել՝ ամեն անգամ սահմանը հատելիս։ Եթե քաղաքացին հրաժարվում է թեստ հանձնել, ապա նրա նկատմամբ, այո, կիրառվում են մեկուսացման, իսկ եթե ունի սիմպտոմներ՝ ջերմություն, հազ եւ այլն, ապա նաեւ հոսպիտալացման ռեժիմներ, եւ 14 օր նրանք պետք է մնան էնտեղ, եւ ընթացքում որոշ մարդիկ համոզվում են, որ պետք է հանձնեն։

— Բայց չեն մնում 14 օր, մարդիկ ճանապարհի կեսից իջնում են շտապօգնության մեքենայից ու գնում։

— Իհարկե, ես նման դեպք չեմ լսել, ականատես չեմ եղել, որ իջնեն շտապօգնության մեքենայից, բայց ունենք դեպքեր, երբ որ 3-4 օր մեկուսանալուց հետո ցանկություն են հայտնել թեստ հանձնելու։ Եվ, ի վերջո, մեր նպատակն էլ չէ մարդուն ազատությունից զրկել կամ սահմանափակել, այլ այդ ֆիլտրն ապահովել, որ ի վերջո վարակը չտարածվի։

— Ի դեպ, թեստ հանձնելուց 3 ժամ առաջ ասում են՝ պետք է ոչինչ չուտել, չխմել։ Հիմա օդանավում կարող են վայրէջքից րոպեներ առաջ այդ պայմանը խախտել։

— Չկա նման բան։ Դա նախկինում, երբ սահմանափակումները նոր էին, մի քանի դեպք էդպես եղել է, այնուհետեւ շրջաբերական է ուղարկվել լաբորատորիաներ, որոնք հստակ ունեն ցուցում, որ նման պահանջ չկա։

— Իսկ եթե անձն օդանավից իջնում է արդեն վարակված, որի մասին չգիտի, թեստ է հանձնում, որի պատասխանը հաջորդ օրն է գալու միայն, եւ գնում մի ամբողջ օր շփվում է մարդկանց հետ ու վարակում նրանց, ո՞րն է, այդ դեպքում, թեստ հանձնելու իմաստը, եթե պիտի արդեն մարդկանց վարակած լինի։

— Իհարկե, վարակի տարածման ամենագործուն մեխանիզմը, ընդհանրապես, իզոլացումն է։ Բայց մենք հասկանում ենք, որ ամիսներով, տարիներով դա ուղղակի անհնար է։ Դրա համար ստեղծվում են որոշակի ֆիլտրեր։ Որեւէ ֆիլտր՝ առանձին վերցրած, չի կարող 100 տոկոսով բացառել վարակի տարածումը։ Բայց այդ ֆիլտրերն օգնում են, որպեսզի հնարավորինս նվազագույնի հասցնենք վարակի տարածումը։

— Իրականում տպավորություն է, որ սա ընդամենը բիզնես նպատակ է հետապնդում, քանզի Ձեր նշած այդ ֆիլտրերը շղթայի ինչ-որ մի օղակում չեն գործում, ձեւական են։

— Չէ, տեսեք, նորից եմ կրկնում՝ որեւէ մի առանձին միջոցառում չի կարող 100 տոկոսով ապահովել վարակի ներթափանցումը հաջորդիվ։

— Այդ դեպքում, որպեսզի մարդկանց մոտ նման տպավորություն չառաջանա, որ նրանք ընդամենը գումար են վատնում թեստի վրա, որն արդյունք չի տալիս, թող պետությունը գոնե օդանավակայանում իր վրա վերցնի այդ ծախսը։

— Դրա համար պետությունն իր վրա վերցրել է պատվաստման բեռը, եւ քաղաքացին հնարավորություն ունի անվճար պատվաստվելու ու որեւէ ֆինանսական բեռ չկրելու։

 

(Visited 97 times, 1 visits today)