Խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպը

ԱԺ֊ի ծեծկռտուքի լուսաբանումը մեդիայի գործառույթը չէ: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում այսօր տեղի ունեցած միջադեպի ժամանակ օթյակներից լրագրողներին տեսանկարահանում կատարելն արգելելու և վերջինների մուտքն այդ հատված արգելելու՝ ԱԺ աշխատակազմի որոշմանը:

«Անկախ նրանից՝ լրագրողները քննադատաբար են մոտեցել մեր գործունեությանը, թե ոչ, ես եղել եմ և լինելու եմ լրագրողների մեծ պաշտպան և խոսքի ազատության մեծ ջատագով: Բայց Աժ-ի ծեծկռտուքը լուսաբանելը, կարծում եմ, մեդիայի գործառույթը չէ»,- նշել է Վարդանյանը:

Հարցին, թե այդ դեպքում մարդիկ ինչպես պետք է տեղեկանան, թե ինչ է կատարվում խորհրդարանում, քանի որ լրագրողները հնարավորություն չեն ունենում կատարվողը լուսաբանել, Վարդանյանը նկատել է.

«Մարդիկ պետք է հետևեն օրենսդիր մարմնի աշխատանքներին, բայց գործունեության ցանկացած տեսակ որոշակի սահմանափակումներ ունի, և դրանք անհրաժեշտ են, որ գործունեության մնացած տեսակները չտուժեն, դա չպետք է դիտարկվի որպես սահմանափակում լրագրողների նկատմամբ»,- նշել է պատգամավորը:

(Visited 71 times, 1 visits today)