թե միտում նկատո՞ւմ է, որ փորձում են հայաթափել Շուշիի շրջանի գյուղերը, Սամվել Սարգսյանը պատասխանեց

Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում անվտանգության հարցերը լուծված չեն։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանը։ Հիշեցնենք, որ հրադադարից հետո հայկական վերահսկողության տակ մնացած Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն բնակավայրերը նախորդ տարեվերջին հայտնվել էին ադրբեջանական շրջափակման մեջ, ադրբեջանցիները պահանջում էին, որպեսզի հայկական զորքերը հեռանային գյուղերի սահմաններից։ Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ իր ունեցած տեղեկություններով՝ ադրբեջանական և ռուսական կողմերն են արգելել, որ հայկական զորքերը տեղակայվեն գյուղի շրջակայքում։

Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանն էլ նշում է, որ այս տարվա հունվարին, պայմանավորվածության համաձայն, Հին Շենի սահմաններից նույնպես հանվել են հայկական զինված ուժերը։ Այսօր, սակայն, գյուղի սահմաններին կան ադրբեջանական զինծառայողներ, ինչի մասին վերջերս ահազանգել էր նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Դա ուղիղ սպառնալիք է գյուղի բնակիչների համար։

Հարցին, այսինքն՝ հայկական զինված ուժերը դուրս են բերվել, բայց ադրբեջանցիները շարունակում են մնա՞լ այնտեղ, Սամվել Սարգսյանը պատասխանեց․ «Իրենք հետ են դառնում միշտ։ Իրենց դաբրոն տված է երևի»։

Հին Շեն գյուղում ներկայում բնակվում է 30 ընտանիք՝ 86 մարդ։ Ըստ Սամվել Սարգսյանի՝ եթե Հայաստանի սահմաններին իրավիճակը փոխվում է, դա անդրադառնում է նաև Արցախի բնակավայրերի վրա։ «Մեզ մոտ էլ է իրավիճակը փոխվում, այնպես չէ, որ մենք անվտանգ ենք։ Օրեցօր, ժամ առ ժամ իրավիճակը փոխվում է։ Սև լճում իրավիճակը փոխվում է, այստեղ էլ է փոխվում։ Եթե ինչ-որ մեկը թուլություն է ցույց տալիս, իրենք ագրեսիվանում են»,- ասաց նա։

Հարցին, թե միտում նկատո՞ւմ է, որ փորձում են հայաթափել Շուշիի շրջանի գյուղերը, Սամվել Սարգսյանը պատասխանեց․ «Իհարկե, լինում է։ Այս բոլոր միջադեպերը, բեսպիլոտնիկները, տեխնիկա են ցուցադրում, որ ժողովրդին ահաբեկեն»։ Հին Շենի հանմայնքապետը մանրամասնեց, որ մշտապես անօդաչու թռչող սարքեր են տեսնում բնակիչները։ «Պաստայաննի բարձրացնում են բեզպիլոտնիկները էդ թուրք-ռուսական պայմանավորվածության համաձայն, գալիս անցնում են մինչև Սյունիք»,- ասաց նա։ Սամվել Սարգսյանը հավելեց, որ հավանաբար Արցախի տարածքում գործող ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնից են այդ անօդաչուները կառավարվում։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը, նա ասաց․ «Ռուսները առաջ ներքին կարգով մեր կողմնակիցն էին, հիմա ոչ մեր կողմն են, ոչ իրենց, սառնասրտություն են արդեն ցուցաբերում»։ Մեծ Շենի գյուղապետը հավելեց, որ անվտանգության հարցերը լուծելու համար հայ ժողովուրդը պետք է միասնական լինի․ «Ղարաբաղցու, սյունեցու, հայաստանցու տարանջատում եթե չլինի, էդ հարցերը եթե լուծվեն, ամեն ինչ լավ է լինելու։ Մենք միասնական պետք է լինենք»։

(Visited 28 times, 1 visits today)