«Նրանք պետք է հետ շպրտվեն ու վերջ, այսպես շարունակելն անհնար է»

Օգոտսոսի լույս 15-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի կազմում գտնվող Արավուս գյուղի ուղղությամբ: Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը Lragir.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց միջադեպից։ Նրա խոսքով՝ Արավուսի հատվածում առաջխաղացման փորձ չի եղել, ուղղակի նշանառու կրակոցներ են արձակվել։

«Ըստ տեղեկությունների՝ իրենց մոտ երևի հերթափոխ է եղել, նոր եկողներն էլ մի քիչ ակտիվ են։ Եկել են, նշանառու կրակոց է եղել։ Մենք այդ ժամին վարչական ղեկավարի և այդ գյուղի տղաների հետ ներքևի պոստում կանգնած էինք։ Վերևի պոստի վրա կրակոց եղավ։ Արագ վազելով հասանք այնտեղ, դիրքի ավագն ասաց, որ նշանառու կրակոց է եղել անմիջապես հենց իր վրա, ինքը մարտական հենակետում կանգնած է եղել, կողքին մի երկու-երեք կրակոց էր եղել՝ մեկ մետր հեռավորությամբ։ Բանակային կորպուսի հրամանատարները միանգամից եկան, Ռուսաստանի սահմանապահ զորքերից էլ եկան, իրենց հետ բարձրացանք ամբողջ պոստերով ման եկանք, խախանդ էր։ Այն օրվանից մինչև հիմա որևէ բան չկա»,- ասաց Շադունցը։

Նրա խոսքով՝ համայնքներում խուճապ չկա, իրավիճակը հանգիստ է։ «Ամեն գյուղ իր կամավորական ջոկատն ունի, տղաները պատրաստ են, մենք կազմակերպում ենք, ամեն ինչ նորմալ է, բանակային կորպուսն էլ իր գործն է անում։ Ինչքան կարողանում ենք, այնքան անում ենք»,- հավելեց նա։

Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ Արավուսում իրավիճակը հանգիստ է։ Նրա խոսքով՝ դիրք կա, որ ընդամենը 200 մետր է հեռու գյուղի բնակելի տներից։ «13 հատ պոստ ունենք, դիրք կա 200, դիրքեր կան 300, 350, 400, 600, մինչև 800 մետր են հեռու»,- ասաց նա։

Արգամ Հովսեփյանի խոսքով՝ այս իրավիճակին պետք է լուծում տալ։ «Այսպես շարունակել անհնար է, հարցին լուծում պետք է լինի։ Մենք արոտ չունենք, մեր վարելահողերն անմիջապես իրենց դեմ դիմաց են։ Հա, չենք վախենում, խուճապի չենք մատնվում, ուղղակի այսպես շարունակել էլ հնարավոր չէ, մեկ-մեկ կրակում են, ուզում են վախեցնեն։ Նրանք պետք է հետ շպրտվեն ու վերջ, ես տենց եմ պատկերացնում։ Մեր տրամադրությունը նորմալ է, մարտական»,- ասաց նա։

Համայնքի վարչական ղեկավարի խոսքով՝ երբ ադրբեջանական ուժերը GPS-ով առաջացել են, Արավուսի հողերից 64 հեկտարը մնացել է նրանց հսկողության տակ։ «Քարտեզով, վկայականներով այդ 64 հեկտարը մեր հողն է, հիմա ինչ-որ հանձնաժողով պետք է գա, չգիտեմ ինչ կլինի»,- հավելեց նա։

lragir.am

(Visited 48 times, 1 visits today)