Աղվան Հովսեփյանն այնքան տեղեկատվության է տիրապետում, որ որևէ մեկը չունի թպրտալու հնարավորություն

Այսօր ձերբակալվել է նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:

Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար», ասվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը Lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախկին դատախազի ձերբակալությանը, նշել է, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր վաղուց կային և բնավ զարմանալի չէր ձերբակալությունը, սակայն առավել քան համոզված է, որ սա ունենալու է գրեթե նույն ավարտը, ինչ ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գործը։

Իրավապաշտպանի խոսքով՝ իրավապահ մարմիններում, այդ թվում՝ դատախազությունում, աշխատում են նրանք, որոնք Աղվան Հովսեփյանի հետ քավոր-սանիկական, բարեկամական, ընկերական հարաբերությունների մեջ են, և քանի դեռ այդ մարդիկ համակարգում կան, որևէ հույս և ակնկալիք, որ որևէ գործում առաջընթաց կլինի, չկա։

«Խորհուրդ կտամ մեր հանրությանը միամտաբար չսկսեն հրճվել, երջանկանալ և ծափահարել այդ առիթով, պարզապես խորհուրդ կտամ հիշել, թե քանի գործ է այսպիսի պաթոսով բացվել և քանի հոգի մենք այսօր ունենք պատասխանատվության ենթարկված»,-ասաց նա՝ հավելելով, որ սա պաթոսի հերթական շարքից է, սա կտևի տևական ժամանակ, մի որոշ ժամանակ կքննարկվի նրա կալանավորում-չկալանավորումը, գուցե շատ կարճ ժամանակով անազատության մեջ հայտնվի, հետո կգտնվեն մարդիկ, որոնք խափանման միջոցը կփոխեն, հետո շատ դանդաղ կքնեցնեն գործերը։ Կամ, նրա խոսքով, շատ հայտնի մեթոդ կա, որը կիրառել են տարիներ շարունակ, այդ մեթոդի համաձայն՝ տպավորություն և պատրանք են ստեղծում, թե գործ են անում, պարբերաբար ինչ-որ հայտարարություններ կանեն և հետո շատ գեղեցիկ կփակեն, կճանապարհեն կգնան, այնպես որ, սա ոչ առաջին և ոչ էլ վերջին գործն է։

Կարապետյանցը նկատեց՝ Աղվան Հովսեփյանը այնքան տեղեկատվության է տիրապետում բոլորի մասին, բնականաբար, մեծ մասը չհրապարակված, որ որևէ մեկը չունի թպրտալու հնարավորություն․ «Ես չեմ կարծում՝ չզտված, չմաքրված համակարգը ինչ-որ գործողություններ կիրականացնի Աղվան Հովսեփյանին պատռասխանատվության ենթարկելու»։

lragir.am

(Visited 106 times, 1 visits today)