Կցանկանայի Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ․ Սամվել Կարապետյան

Կցանկանայի, որպեսզի Հայաստանում 3 պաշտոնական լեզու լիներ։ Այս մասին Armenian Business Forum-ի ժամանակ ասել է Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այդ լեզուներն են հայերենը, ռուսերենը եւ անգլերենը։ «Սակայն այդ որոշումը կախված է ՀՀ կառավարությունից», ասել է նա։

Մոսկվան կոնկրետ քայլեր է անում Հայաստանում ռուսերենի կարգավիճակի ուղղությամբ։ Վերջերս Ռոսսոտրուդնիչեստվոն ռուսերենի կուրսեր է սկսել Սյունիքի մարզի իրավապահների եւ այլ խավերի շրջանում, «խաղաղապահների հետ շփումը դյուրացնելու» համար։ Սա Սյունիքի «օտարման» ծրագրի եւ ոչ կանոնավոր պատերազմի տարր է։

Այս ֆոնին, ամենահարուստ հայի առաջարկը մի կողմից կարող է ընկալվել որպես ռուսերենը անգլերենի տակ «սղղացնելու», մյուս կողմից՝ «դիվերսիֆիկացնելու» փորձ։

Ինչ վերաբերում է լեզուների հարցին, կարելի է պարզապես ուժեղացնել դրանց ուսուցումը դպրոցներում ու բուհերում։ Այլ հարց է, որ եթե Ռուսաստանի էթնիկ ռուսներով բնակեցված տարածքի մի մասը հետագայում միացվի Հայաստանին, նմանապես անգլախոս որեւէ երկիր նույնպես մտնի ՀՀ կազմի մեջ, այդ պարագային կարելի է մտածել այդ լեզուներին պաշտոնական կարգավիճակ տալու մասին։

lragir.am

(Visited 96 times, 1 visits today)