Բայդենը չէր կատակում, երբ Պուտինին կես տարի ժամանակ էր տալիս

Մեր զրուցակին է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը

Վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից եկող դրական ազդակներ կան: Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ, որտեղ կողմերը կարևորել են Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Դուք ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից եկող դրական ազդակները:

Որպես Եվրոպական կուսակցություն, մենք, բնականաբար, դրական ենք վերաբերվում նման ազդակներին: Եվ հենց այդ պատճառով առաջարկում եմ ուշադրություն հրավիրել մի կարևորագույն հանգամանքի վրա. այս ամենը մաս է կազմում շատ ավելի մեծ գործընթացի, և միանշանակ կսխալվենք, եթե փորձենք առանձին դիտարկել զարգացումները Հայաստանի վերաբերյալ: Իսկ պատկերն այն է, որ հենց Նյու Յորքում հենց Հայաստանի անկախության վերականգնման 30-ամյակին կարևորագույն և դարակազմիկ իրադարձություն տեղի ունեցավ: Փաստորեն Միացյալ Նահանգները և Չինաստանը ազդարարեցին նոր աշխարհակարգի ստեղծման մասին, որը բաժանում է մեր քաղաքակրթությունը երկու նոր բևեռի: Սա երկբևեռ աշխարհ է, որը գլխավորում են Միացյալ Նահանգները և Չինաստանը: Եվ աշխարհի նոր բաժանումը տեղի է ունենալու Ռուսաստանի ազդեցության նախկին գոտիների հաշվին:

Հայաստանին վերաբերող ազդակները, բնականաբար, դրական են, որոնց մասին մենք ամիսներ շարունակ ասել ենք՝ Հայաստանը մտնելու է արևմտյան ճամբար: Ցավոք սրտի, Հայաստանի հասարակությունը և իշխանությունը համապատասխան չեն արձագանքում Արևմուտքից եկող դրական ուղերձներին: Այնուամենայնիվ, Հայաստանն ունի չափազանց կարևոր աշխարհաքաղաքական դիրք: Կրկնում եմ՝ ազդակները, այո, դրական են, և զարգացումները լինելու են բարենպաստ, դրա համար մենք պարտավոր ենք աշխատանքի մեր չափաբաժինը կատարել և ճանապարհի մեր մասն անցել: Ցավոք, ներկայիս իշխանությունները վախվորած են:

Այս առումով պատահական չէ՞, որ ՄԱԿ նստաշրջանում ղարաբաղյան հակամարտության թեման ևս օրակարգային է:

Այո, այսօր ԵՄ-ն 32 էջանոց փաստաթուղթ է պատրաստել, ինչը դատավճիռ և մահապատիժ է պուտինյան ռեժիմի համար: Այստեղ շարադրված են բոլոր հանցագործությունները վերջին 20 տարիների, բոլոր սպանությունները, միջամտությունները, գազի, նավթի մանիպուլյացիաները և այլ բարբարոսություններ:

Միակ բանը, որ այնտեղ խոսք չկա արցախյան պատերազմի մասին, և դրա մեղքը իշխանությունների վրա է, որովհետև մեր հասարակությունը և մեր իշխանություններն այդպես էլ չեն համարձակվել ի լուր աշխարհի փաստել, որ այս ամենի մեղքը Ռուսաստանն է կրում, և շարունակում ենք մնալ ֆորմալ ՌԴ դաշնակից և հետևաբար, ֆրոմալ ձևով Արևմուտքի թշնամին ենք: Այնուամենայնիվ, Արևմուտքը շարունակում է մեզ դիտել որպես արևմտյան քաղաքակրթության մաս: Մեզ թույլ չեն տալիս պարտվել: Որքան էլ դա կարող է զավեշտալի հնչել, բայց եթե մենք դեռևս ուժեղ ենք, դա Արևմուտքի ջանքերի շնորհիվ է:

Պատահական չէ՞, որ Կրեմլը լրջորեն անհանգստացած է ԵՄ-ի կողմից Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի աջակցություն տրամադրելու հարցում:

Իհարկե, պատահական չէ: Պատահական չէ նաև այն, որ Կրեմլը ռուսաստանաբնակ հայ օլիգարխների ձեռքով ոսկորներ է նետում հայ ժողովրդի առջև, ներդրումներ է խոստանում, դրա դիմաց զիջումներ կորզելով, մասնավորապես, ռուսաց լեզվին ինչ-որ կարգավիճակ տալու հարցում: Այսինքն` ասում են՝ ռուսաց լեզուն ընդունեք, ձեզ փող կտանք: Այդ փշրանքները մեր լեզվի դիմաց մի տվեք: Մենք շատ լավ գիտենք, թե ովքեր են Սամվել Կարապետյանի կամ Ռուբեն Վարդանյանի տեքստերը գրում: Դրանք գրվում են Մոսկվայում, բայց մենք այդ պարտիտուրաներով, այդ նոտաներով երգել չենք պատրաստվում: Բայց այս ամենն արդեն ոչինչ չի նշանակում, Ռուսաստանը հեռանալու է: Այս մասին անուղղակիորեն ակնարկեց Բայդենը, երբ իր առաջին հարցազրույցում ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն խոսեն և լուծեն իրենց հարցերը: Շատերը չհասկացան, թե ինչ է ուզում ասել ԱՄՆ նախագահը: Նա ուզում է ասել, որ պետք է առանց Ռուսաստանի պատրաստվել հարցերը լուծելուն: Նա ակնարկեց, որ այստեղ չի լինելու Ռուսաստանի որոշիչ ազդեցությունը: Որովհետև այն, ինչ պատրաստվում է այս զեկույցում Ռուսաստանի վերաբերյալ, այն փաթեթները, որոնք վերաբերում են Պուտինի մերձավորներին, գազային, նավթային փաստաթղթերին, ինչպես նաև Դումայի ընտրությունները չճանաչելուն՝ իր բոլոր հետևանքներով և այլն, այս ամենն ապացուցում են, որ Բայդենը չէր կատակում, երբ Պուտինին կես տարի ժամանակ էր տալիս: Հիմա այդ ժամկետների ավարտին մնացել են շաբաթներ: Եվ մեր պետական այրերից համարձակություն է պահանջվում՝ ճիշտ գնահատելու իրավիճակը:

lragir.am

(Visited 89 times, 1 visits today)