Երեխային բարուրելու վնասակար ազդեցության մասին մանրամասնում է օրթոպեդ Կարեն Քոլոյանը

Երեխաներին մարդիկ բարուրել են դեռևս հին ժամանակներից: Նախկինում կարծում էին, որ դա պաշտպանում է փոքրիկին ինֆեկցիաներից, հիվանդություններից, նպաստում է ողնաշարի ճիշտ զարգացմանը և այլն… Այս կարծիքները, սակայն, չունեն գիտական հիմնավորում, և երիտասարդ ծնողներին հետաքրքրում է՝ բարուրե՞լ արդյոք երեխային, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը փորձեցինք պարզել վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Ալեքսանի Քոլոյանի օգնությամբ:

Ե՞րբ և ինչու՞ են մարդիկ սկսել բարուրել նորածիններին,ի՞նչ նպատակով:

Իրականում, պատասխանը հայտնի չէ, սակայն վստահաբար կարող ենք ասել,որ սա հնուց եկած սովորույթ է։ Եթե ուշադիր լինենք՝ մեր խաչքարերի վրա, Մատենադարանի ձեռագրերում մանուկ Քրիստոսի պատկերը գրեթե ամենուր բարուրված է: Սա խոսում է այն մասին, որ դեռ անհիշելի ժամանակներից ի վեր,մարդկությունն ունեցել է բարուրելու սովորույթը։

Ես անձնապես կարծում եմ, որ երեխային բարուրելու պատճառներից մեկը հին ժամանակներում եղել է այն, որ ծնողները միշտ չէ որ կարողացել են լինել երեխայի կողքին,ուստի կապում էին երեխային, որպեսզի նա չշարժվեր կամ չընկներ մահճակալից, անշարժ մնար, քանի դեռ իրենք զբաղված էին առօրյա աշխատանքով:

Երեխային բարուրելու մյուս պատճառն այն թյուր կարծիքն էր, որ բարուրը երեխային տաք է պահում:

Այս երևույթն ընդունված է եղել ոչ միայն միջերկրական ծովի ավազաններում բնակվող ազգերի մոտ, այլ նաև Չինաստանում, Մոնղոլիայում, հնդիկների մոտ… Ի դեպ, վերջիններս, բացի այն, որ բարուրել են երեխային, նաև ամրացրել են փայտե հարմարանքի վրա, որպեսզի կապեն մեջքին և կարողանան աշխատել:

Իսկ ի՞նչ կասեք տարածված այն տեսակետի մասին, թե իբր երեխային բարուրելը նպաստում է նրա ողնաշարի ճիշտ զարգացմանը, ոտքերի ուղիղ լինելուն և այլն…

Այս տեսակետները հետագայում առաջ եկան: Իրականում, բարուրելով երեխային, մենք չենք կարող ազդել ոսկրի առանցքի, աճի վրա, սրանք գենետիկորեն կանխորոշված են՝ երեխայի ոտքերի, ողնաշարի կառուցվածքը հնարավոր չէ փոխել տակաշորերով նրան փաթաթելով: Ոչ վիրահատական եղանակով գրեթե անհնար է ուղղել ոսկրի աճը:

Գիտության, բժշկության զարգացման ընթացքում մարդիկ հասկացան, որ բարուրելն իրականում բացասական ազդեցություն է ունենում երեխայի առողջության, զարգացման վրա: Ժամանակակից աշխարհում այլևս չկա այս երևույթը: Եթե ենթադրենք, որ բարուրելը նպաստում է ուղիղ ոտքեր կամ ուղւղ ողնաշար ունենալուն, ապա ողջ արևմուտքի, ԱՄՆ-ի, Կանադայի բնակչությունը կունենային ծուռ ոտքեր և ծուռ ողնաշար։

Ինչու՞ է այս երևույթը դեռևս ակտուալ Հայաստանում, եթե ժամանակակից աշխարհը վաղուց բացահայտել է դրա վնասակար ազդեցությունը:

Հայաստանում դեռևս 80-ական թվականներից տարվում էր այն քարոզչությունը, որ երեխային բարուրելն իրականում վնասակար է, սակայն դժվար է մարդկանց միջից հանել արմատացած սովորույթները:

Հայաստանյան ծննդատներում ևս բարուրում են երեխաներին: Ի՞նչ կասեք այս փաստի առիթով: Ստացվում է, որ ծնողը կրկնում է այն, ինչ տեսել է ծննդատանը:

Իհարկե, սկսել պետք է հենց ծննդատներից, որտեղ դժբախտաբար դեռ կան մասնագետներ, ովքեր հետևում են այդ սովորույթին: Կարծում եմ, որ ծննդատներում եթե ծնողին հստակորեն ներկայացվի երեխային բարուրելու բացասական ազդեցությունը, սա այլևս չի շարունակվի:

Բարուրելն ի՞նչ վնասներ կարող է հասցնել երեխայի առողջությանը:

Այստեղ կա երկու խնդիր. առաջինը՝ երեխայի անշարժ մնալն է: Մենք ծնվում ենք, որ շարժվենք, մկաններն աշխատեն, և որպես հետևանք՝ զարգանան հոդերը: Անշարժ դիրքում մնալը երեխայի մոտ բերում է մկանային թուլության: Սակայն մյուս խնդիրն առավել մտահոգիչ է՝ կոնքազդրային հոդի խնդիրը:

Ձիգ բարուրված երեխայի կոնքազդրային հոդը գտնվում է խիստ անբարենպաստ վիճակում: Եվ եթե երեխան ունի բնածին ոչ լիարժեք զարգացած հոդ, իսկ նման դեպքերը շատ են՝ 10-20%, բարուրելը բերում է նրան, որ ազդոսկրի գլխիկը սկսում է սահել դեպի դուրս, և ի վերջո, առաջանում է հոդախախտ:

Նախկինում հոդախախտը համարվում էր բնածին, մարդիկ կարծում էին, թե երեխան ծնվել է այդ խնդրով, սակայն հետագայում, երբ զարգացավ սոնոգրաֆիկ հետազոտությունը, հասկացան, որ բացի հոդախախտից, գոյություն ունի նաև ոչ ճիշտ զարգացած հոդ, որը նպաստավոր պայմաններում կարող է դառնալ նորմալ: Այս խնդիրն այժմ կոչվում է զարգացող հոդախախտ:

Ինչու՞Աֆրիկայում գրեթե չի հանդիպում այս խնդիրը, որովհետև այնտեղ երեխաներին ծնված օրից կապում են կողքի կամ մեջքի վրա՝ երեխայի ոտքերը բացած.սա հենց այն դիրքն է, որով մենք բուժում ենք հոդախախտը: Իսկ բարուրը ընդհակառակը՝ առբերում և տարածում է կոնքազդրային հոդը, դրանով իսկ բարենպաստ դիրք ստեղծելով հնարավոր հոդախախտի զարգացման համար։

Ձեր գործունեության ընթացքում հաճա՞խ եք առիթ ունենում հորդորել, խորհուրդ տալ ծնողներին այլևս չբարուրել երեխաներին:

Ուրախությամբ կարող եմ ասել, որ այժմ բավական քչացել են երեխային բարուրելու դեպքերը: Այսօր երիտասարդ ծնողները տեղեկատվություն ստանալու մեծ հնարավորություն ունեն և շատ հաճախ ընդդիմանում են երեխային բարուրելու՝ ավագ ծնողների պնդպամը։ Սակայն այժմ էլ, հատկապես մարզաբնակ ծնողները դեռ շարունակում են այս սովորույթը, և մեր ամենօրյա աշխատանքի մասն է դարձել չբարուրելու քարոզչությունը։

Ի՞նչ խորհուրդ կտաք մայրիկներին, ինչպես ապահովել փոքրիկի ճիշտ զարգացումը առաջին մի քանի ամիսներին:

Կարծում եմ, որ մայրիկները պետք է լինեն հնարավորինս տեղեկացված երեխայի խնամքի հարցում, իսկ ցանկության դեպքում, գրագետ տեղեկատվություն հաստատ կգտնվի․ պարզապես պետք է լինել հետևողական։

doctors.am

(Visited 42 times, 1 visits today)