Իրանը վերջնականապես որոշեց դուրս թողնել Ադրբեջանին… Ինչ է սպասվում

Կարծում եմ՝ այժմ Իրանը իր ակտիվ այցելություններով և հանդիպումներով նախազգուշացնում և հստակ ընդգծում է իր քաղաքական, դիվանագիտական, ազգային շահերն ու հետաքրքրությունները և բարձրաձայնում այդ մասին։

Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբի կողմից կազմակերպված «Եռացող տարածաշրջան. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրման հնարավոր հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ տարածաշրջանի, հատկապես Հայաստանի համար իրանա-ադրբեջանական հարաբերությունների շեշտակի սրման հնարավոր հետևանքներին անդրադարձավ քննարկման բանախոսներից իրանագետ Գեորգի Միրզաբեկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում որոշակի ոգևորություն կա իրանա-ադրբեջանական հարաբերությունների սրման առթիվ, սակայն այստեղ պետք է բավականին զգուշանալ, քանի որ սա սոսկ այս երկու պետությունների հարաբերությունների սրում չէ, այլ ավելի ընդգրկուն՝ տարածաշրջանային բնույթ ունի, որտեղ ներգրավված են ամբողջ Մերձավոր Արևելքը, Իսրայելը, Թուրքիան, և Իրանի հայտարարությունները վկայում են, որ խնդիրը միայն Ադրբեջանի հետ հակասությունը չէ, այլ շեշտադրվում է Իսրայելի գործոնը և ահաբեկիչների գործոնը, որով ակնարկում են Թուրքիային։

«Նրանք, կարելի է ասել, Ադրբեջանն ինչ-որ տեղ դիտարկում են հետևանք և հայտարարություններով նշում, որ Ադրբեջանին այս պետությունները օգտագործում են որպես գործիք։ Այսինքն՝ սա միայն Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին չէ»,- նշեց պարոն Միրզաբեկյանը։

Ըստ նրա՝ Հայաստանն այստեղ չպետք է մտածի իրավիճակից օգտվելու կամ չօգտվելու մասին, այն պետք է դիտորդի դերում լինի և զգոնությամբ հետևի իրադարձություններին։

Անդրադառնալով հյուսիս-հարավ միջանցքին, որը Հնդկաստանը պետք է կապի Եվրոպայի հետ, և այդ միջանցքը միտված է այդ կապն ապահովելուն, որի մաս է կազմում Հյուսիս-հարավ ավտոճանապարհը, նա նշեց, որ դրա առնչությամբ Իրանը մտահոգություններ ունի և ամեն կերպ փորձում է օգնել Հայաստանին այն իր ավարտին հասցնելու։

«Ադրբեջանը, Գորիս-Կապան ճանապարհին խոչընդոտներ ստեղծելով, արժանացավ Իրանի սուր արձագանքին։ Դրանց էին միտված քաղաքաշինության նախարարի թվիթերյան գրառումը, նրա տեղակալի այցը Հայաստան՝ ծանոթանալու տեղում Տաթևի ճանապարհին։

Կարելի է ասել, որ Իրանը հստակ շեշտեց, որ հյուսիս-հարավի մասին նոր աշխարհաքաղաքական քարտեզ է ձևավորվելու, և Իրանը, կարծում եմ, վերջնականապես որոշել է դուրս թողնել Ադրբեջանին հյուսիս-հարավ միջանցքից և այդ ամենում ներգրավել հենց Հայաստանին, որի միջոցով նա պետք է դուրս գա Եվրոպա»,- նշեց պարոն Միրզաբեկյանը։

Իրանագետի խոսքով՝ այս փաստն Իրանում մեծապես կարևորում են, և իզուր չէ, որ այդ գործոնը՝ առևտրատնտեսական հարաբերությունները,

ճանապարհների հաղորդակցությունների թեման և Իրանի ելքը Հայաստանով դեպի Եվրոպա, վերջերս անչափ կարևորվեց նաև Արարատ Միրզոյանի Իրան կատարած այցի ժամանակ, երբ երկու կողմերն էլ այդ դրույթներն առանձնահատուկ շեշտեցին։

(Visited 56 times, 1 visits today)