Հրատապ լուր. Հայաստանում ամբողջական հեռավարի են անցել 8 դպրոց. Որոշ դպրոցներում փակվել են դասարաններ

Կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով Հայաստանում ամբողջական հեռավար ուսուցման են անցել տարբեր մարզերի և քաղաքների շուրջ 8 դպրոց: Տվյալները հոկտեմբերի 6-ի դրությամբ են:

Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության արտադպրոցական և հանրակրթական ծրագրերի մշակման իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Հեռավար անցած դպրոցներն են Շիրակի մարզի Արևիկ գյուղի միջնակարգ դպրոցը, Սյունիքի մարզի Սիսիսան քաղաքի համար 4 հիմնական դպրոցը, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցը, Սյունիքի մարզի գյուղ Վաղատինի միջնակարգ դպրոցը, նույն մարզի Աղետու միջնակարգ դպրոցը, Շամբի միջնակարգ դպրոցը, Երևանի թիվ 159 ավագ դպրոցը և Գեղարքունիքի մարզի Մարտունու միջնակարգ դպրոցը:

«Ունեինք դպրոցներ նաև, որ անցել էին հեռավար ուսուցման, սակայն իրավիճակը կարգավորվել է և նորից վերադարձել են առկա ուսուցման: Օրինակ՝ Երևանի 170 ավագ դպրոցն արդեն վերադարձել է նորմալ դասապրոցեսի: Այս դպրոցում վարակվել էին տնօրենը, ուսմասվարները: Դպրոցները մեզ պարբերաբար տեղեկացնում են, թե քովիդով պայմանավորված՝ ինչ վիճակ է իրենց մոտ, ըստ դրա՝ որոշվում է՝ նրանք անցնե՞ն հեռավար ուսուցման, թե՞ ոչ»,- մեզ հետ զրույցում ասաց Ազատյանը:

Նրա խոսքով՝ քովիդի ցուցանիշը դպրոցներում պետք է 10 տոկոսից բարձր լինի, որ դպրոցն ամբողջությամբ անցնի հեռավար ուսուցման: Սակայն կան դպրոցներ, որտեղ եթե աշակերտների կամ անձնակազմի թիվը մեծ է լինում, կարիք չկա սպասելու 10 տոկոսին: Այդ դեպքում դպրոցը, հակահամաճարակային իրավիճակից ելնելով, անցնում է հեռավարի:

«Մեզ պաշտոնապես տեղեկացնում են, որ այսքան մարդ է վարակված դպրոցում, ուզում են, օրինակ, երկու շաբաթով անցնել հեռավարի: Եթե դեպքերը ծանրանում են կամ շարունակվում, այդ ժամանակ նույնպես տեղեկացնում են, ու ժամկետը երկարացվում է: Կան դպրոցներ նաև, որ դասարաններն են միայն անցնում հեռավարի: Այսինքն՝ առաջին դասարանը փակվում է, որովհետև վարակը երեխաների շրջանում է եղել: Դպրոցը չի փակվում, եթե դասարանից դուրս չի տարածվել»,- հավելեց Ազատյանը:

Ամբողջական հեռավար և ոչ հեռավար դպրոցների տվյալները նախարարությունն ամփոփում է ամեն շաբաթ: Տեսչական մարմինները նաև պարբերաբար ստուգումներ են անցկացնում՝ տեսնելու՝ դպրոցներում պահպանվո՞ւմ են հակահամաճարակային կանոնները, թե՞ ոչ:

(Visited 56 times, 1 visits today)