Տանդեմը նոր ոճրի շեմին․ Հայաստանը վերացնելու ջանքերը անհետեւանք չեն մնալու

Պուտինը Աթաթհուրքի դամբարանում, 2014 թ․ Թուրքիայի հետ Ռուսաստանի «նոր քաղաքականության» մեկնարկին

Իրանի եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո Բաքվի գլխավոր խոսափողը, որը համակարգվում է Կրեմլից, ցնծությամբ արձանագրեց, որ տարածաշրջանի ճակատագիրը որոշելու է Պուտին-Էրդողան «տանդեմոկրատիան»։ Կարսի 1921 թ․ պայմանագրի ժամկետի ավարտին տանդեմը պատրաստում է Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության վերացման «պայմանագիրը», 1921-ի արյունոտ ոճիրը ծածկելու համար։

Պուտինը Լենինը չէ, Էրդողանն էլ Աթաթյուրքը՝ ազդարարում էր հայտնի «հայամետ» փորձագետը։ Հայաստանի հարցում ներկայիս տանդեմը ոչնչով վատը չէ իր նախորդից։ Լենին-Աթաթյուրք համաձայնություններով փակվեց Արեւմտյան Հայաստանի հարցը, վերացվեց Հայաստանի անկախ պետությունը՝ Արեւելյան Հայաստանի մեծ մասը՝ Կարս-Արդահանը, Սուրմալուն-Արարատ լեռան շրջանը, Նախիջեւանը, Արցախը թուրքերին նվիրաբերելով։

100 տարի առաջ Մոսկվան խոսում էր համաշխարհային ինտերնացիոնալի մասին, հանուն որի, ինչպես գրում էր Պրավդա թերթը, հայերը տվել են ամենաթանկը՝ իրենց տարածքները։ 100 տարի անց Ռուսաստանը «գաղափարախոսական» հիմնավորումներ չունի, բայց քաղաքականությունը նույնն է՝ հայերի հայրենազրկումը եւ հայկական անկախ պետության ոչնչացումը։ Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես 100 տարի առաջ, լուծում են իրենց գոյության խնդիրը, որի հիմքում հայկական տարածքներն են ու միլիոնավոր հայերի արյունը։

«Խաղաղ դարաշրջանի» սազանդարները կարող են զուգահեռներ անցկացնել 1921-ի «խաղաղ դարաշրջանի հետ»։ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի կնքումից հետո արդեն խորհրդայնացված ու լիովին ռուսական դարձած Հայաստանում ռուսական զորքի ներկայությամբ ու մասնակցությամբ թուրքական բանակն իրականացրեց գաղթական թուրքահայերի մնացորդների ջարդը, սպանվեց մոտ 400 հազար հայ, մնացյալը քշվեց Ռուսաստանի խորքը՝ որպես երաշխիք թուրք եղբայրներին, որ իրենց նվիրաբերված տարածքների հանդեպ պահանջատիրություն չի լինելու։

«Սովետական խաղաղ դարաշրջանում» շարունակվեց հայերի հայրենազրկումն ու «վարչական վերափոխումների» անվան տակ հայկական տարածքների նվիրաբերումը այսպես կոչված «Ադրբեջանին», իսկ երկու Կոլցո գործողություններով Ռուսաստանն իրականացրեց հայկական բնիկ արեալի հայաթափությունը «Ադրբեջանում», մերձկասպյան թուրքերի հրոսակախմբերի հետ միասին։

Ծանո՞թ պատկեր է ներկայում տեղի ունեցողի ֆոնին։ Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ նրան անմնացորդ շնորհավորող Երեւանի ու Ստեփանակերտի վարչակազմերի ղեկավարները նշում են նրա անուրանալի դերը ոչ միայն 2020-ի ռազմական արշավի, այլեւ «հետագա կարգավորման» հարցում, իրենց անպատիվ գոյությունն ու իշխանությունը պահելու համար։

«Տանդեմոկրատիայի»՝ «Կարս-2»-ի, եւ դրա վրա մակաբուծելու հույսեր փայփայող հայկական քաղաքական դասի ջանքերն անհետեւանք չեն մնալու։ Հայաստանը գոյության խնդիր է Ռուսաստանի ու Թուրքիայի համար՝ համատեղ ու առանձին-առանձին՝ դրանից բխող հետեւանքներով։

Աղբյուր՝ lragir.am

(Visited 60 times, 1 visits today)