Հայտնի է, թե քանի տարվա ազատազրկում է սպառնում Առուշ Առուշանյանին

Գորիսի առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Առուշ Առուշանյանը, ինչպես հայտնի է, այս պահի դրությամբ անազատության մեջ է և անցնում է մի քանի քրեական գործերով։ Առուշանյանը գլխավորում է «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների դաշինքը։ Նոր դաշինքը կկոչվի «Առուշ Առուշանյան»։ Ընտրվելու դեպքում, սակայն, Առուշանյանը բավական երկար ժամանակ թերևս չի կարող իրացնել իր լիազորությունները։ Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է մեկ տարուց։ Եթե նա մինչ այդ հրաժարական չտա, ապա հաջորդ տարի նորընտիր ավագանին իր կազմից կկարողանա նոր քաղաքապետ ընտրել։

Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։ Դեռևս օգոստոսին գործը հսկող դատախազի ցուցումով վերացվել էր ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու մասին հոդվածը, սակայն մյուս մեղադրանքները մնացել էին։

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար կաշառք էր բաժանել։ Բացի դրանից, Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել էր նույն բնակավայրի ընտրողների 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

2021 թվականի ապրիլի 28-ին Առուշ Առուշանյանի պահանջով Լուսինե Ավետյանը կազմակերպել է նրա հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի շարք բնակիչների հետ, ովքեր Առուշ Առուշանյանից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն էին խնդրել: Այնուհետև նրանց Գորիս համայնքի ղեկավարի որոշման հիման վրա տրամադրվել է 100.000-ական ՀՀ դրամ, իսկ Լիանա Մկրտչյանին՝ 220.000 ՀՀ դրամ: Այս արարքների համար Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկից 2500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով)։

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի նոյեմբերի 10-ից, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչպես նաև փաստացի իրեն պատկանող «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և առանց պայմանագրի՝ ընդերքի օգտագործմամբ, ինչն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի և հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին և ընդերքում պարփակված օգտակար հանածոներին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց և պետությանը:

Մասնավորապես, Առուշ Առուշանյանը, նպատակ ունենալով Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում զբաղվել հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ, Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0,555 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ 2019 թվականին նախ գրանցել է Գորիս համայնքի սեփականության իրավունքը, այնուհետև՝ Գորիս համայնքի ավագանու 02.05.2019 թվականի որոշմամբ այն դրել է աճուրդի: Միաժամանակ, վերոհիշյալ տարածքում լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ՝ հանքարդյունաբերությամբ և հանքանյութի վերամշակմամբ զբաղվելու նպատակով Առուշ Առուշանյանն իր հորեղբոր թոռան՝ ռուսաստանաբնակ Հայկ Բաղդասարյանի անվամբ և վերջինիս միջոցով հիմնադրել է «Բեսթ Ռոուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Այնուհետև նախաձեռնել է վերը նշված հողատարածքի ձեռք բերման գործընթացը։ Ձևական բնույթ կրող աճուրդի միջոցով 2019 թվականի հուլիսի 15-ին Գորիսի համայնքապետարանում կազմակերպված աճուրդում հաղթող է ճանաչվել Առուշանյանի ազգականը։

Նշված արարքի և այս գործի շրջանակներում մի քանի այլ արարքների համար Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով), ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին, կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով:

Պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով), ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին։ Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 700-ապատիկից 1000-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա), ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 2-րդ մասով (Ինքնիրավչություն, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 400-ապատիկից 800-ապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով), և ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով: Պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով): Այս գործով վերջին դատական նիստը կայացել է սեպտեմբերի 30-ին։
Միայն այս երկու գործով դատարանի վճռի պարագայում Առուշանյանը բավական երկար տարիներ կմնա անազատության մեջ։

(Visited 66 times, 1 visits today)